Լոնդոնում կալանավորել են երկու տղամարդկանց, որոնցից մեկը ներխուժել էր Բուքինգհեմյան պալատ:
Լրատվամիջոցները պարզել են, որ անհայտ անձը Բուքինգհեմյան պալատ է ներխուժել սեպտեմբերի 2-ի երեկոյան: Տղամարդը մագլցել է պարիսպը եւ մտել Եղիսաբեթ II թագուհու նստավայր: Նրան ուշ երեկոյան հայտնաբերել է թիկնազորը` «այն տարածքում, որը ցերեկային ժամերին բաց է այցելությունների համար»: Երկրորդ տղամարդը կալանավորվել է պալատի սահմաններից դուրս` գողության փորձի համար: Միջադեպի ընթացքում թագավորական ընտանիքը պալատում չի եղել:
Այս պահին երկու իրավախախտները գրավի դիմաց ազատված են, սակայն ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, հայտնել են Սքոթլենդ Յարդից:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ սա արքայական անդորրը խախտելու առաջին փորձը չէ: 1982թ. Մայքլ Ֆագանին հաջողվել էր ներխուժել Եղիսաբեթ II թագուհու ննջարան եւ անգամ կես ժամի չափ զրուցել նրա հետ, քանի դեռ թագուհին չէր կանչել լակեյին: Ավելի վաղ արքայական նստավայր էին ներխուժել հոգեբուժարանից փախած հիվանդը եւ մի խումբ ցուցարարներ:



























