ԱՄՆ-ի Քոնեքտիքուտի  Նորուոլք քաղաքում ժամանցային զբոսայգու կարուսելի հոսանքը հանկարծակի անջատվելու պատճառով  կարուսելի ճոպանները թուլացել են, եւ նստարանները բախվել են իրար: Երեխաները չեն կարողացել իրենց պահել եւ ցած են ընկել:

Տուժել է 15 երեխա: 12-ը տեղափոխվել են հիվանդանոց, երկուսը ծանր վիրավոր են: Երեք երեխա էլ աննշան վնասվածքներ են ստացել եւ բուժօգնությունը տեղում ստացել, հայտնում է Fox News-ը:

Կատարվածի ականատես Դեյո Էլլոն պատմել է, որ սկզբում ինքը հարվածի ձայն է լսել, այնուհետեւ ճռնչյուն, իսկ հետո ճիչեր են լսվել, հաղորդում է CNN-ը:

Միջադեպից հետո այգում անմիջապես դադարեցրել են բոլոր կարուսելների աշխատանքները: Սակայն երեկոյան ոստիկանությունը, նախնական քննություն անցկացնելով, թույլ է տվել շարունակել կարուսելների սպասարկումը, նշում է  CNN-ը: Սեպտեմբերի 8-ին այդ ագում տեղի էր ունենում Ոստրեների  ամենամյա փառատոնը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: