2014թ.-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսում են հանքային եւ ստորերկրյա ջրերի յուրացման պետական ծրագիր մշակել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է երկարաբանության հարցերով  Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական, ԽՍՀՄ երկրաբանության նախկին նախարար Գրիգորի Գաբրիելյանցը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԼՂՀ-ում այժմ ոչ մի հանքային աղբյուր չի օգտագործվում, թեեւ աղբյուրները շատ են, այդ թվում նաեւ նախկինում գործողները: «Հաջորդ տարվա համար ես ցանկանում եմ կազմել հանքային եւ ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրացման պետական ծրագիր: Հանքային ջրերով պետք է լրջորեն զբաղվել. մեր ռեսուրսների պայմաններում անտրամաբանական է նման ծավալով Հայաստանից հանքային ջուր ներկրել»,- հայտարարել է Գ.Գաբրիելյանցը:

Լեռնային Ղարաբաղի հանքային ջրերի շարքում առավել հայտնի են Շուշիի շրջանի աղբյուրները՝ Լիսագոր գյուղում Շիրլանի ջրերն ու Թթուջուր աղբյուրը (Տուրշսու), ինչպես նաեւ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքից ոչ հեռու գտնվող աղբյուրները. Այդ թվում նաեւ Ջերմուկջուրը (Իստիսու):

Շիրլանի ջրերում(կալցիումի, մագնեզիումի եւ նատրիումի պարունակությամբ) գործում է Շուշիի առողջարանը: 50-60-ական թվականներին ջրի հետազոտումը պարզել էր դրանց բուժիչ հատկությունները ստամոքսի, լյարդի, սրտանոթային համակարգի խնդիրների, նյութափոխանակության խանգարումների ժամանակ եւ այլ դեպքերում:

Խորհրդային ժամանակներում բուժիչ հանգստավայերին էին ծառայում նաեւ Ջերմուկջուր աղբյուրի տաք ջրերը: Իրենց բաղադրությամբ (ածխաթթվայի, հիդրոջերմային, քլորա-սուլֆատային) մոտ են Ջերմուկին եւ Կարլովի Վարին: 50-ական թվականներին այստեղ հիմնվել էր հանքային ջրերի գործարան, որը տարեկան թողարկում էր 5 մլն շիշ, իսկ 70-ականներին՝ 22 մլն շիշ:

Ինչ վերաբերում է քաղցրահամ ստորերկրյա ջրերին, ապա այժմ դրանք մատակարարում են Ստեփանակերտ(Քարքար գետի ստորերկրյա ջրեր) եւ Շուշի(դեռ 19-րդ դարում կառուցված Թաթեւոսի ջրագծով), ինչպես նաեւ Մարտակերտ եւ Հադրութ քաղաքները(այստեղ ստորերկրյա ջրերի որակն այդքան էլ բարձր չէ): Խորհրդային տարիներին ստորերկրյա ջրերի պաշարը բաշխվում էր Մարտունու շրջանում, որն այժմ խմելու եւ տնտեսական ջրի լուրջ կարիք ունի: