Կաթոլիկ սրբերի մասունքների, թանկարժեք քարերի եւ ոսկերչական զարդերի անհավանական լուսանկարներ են արվել ամերիկացի արվեստաբան եւ հնություններ որոնող Փոլ Քոդոունարիսի կողմից:
Կմախքների հավաքածուն սարսափելի է եւ միաժամանակ ցնցող: Պատմաբանին հաճախ անվանում են «Ինդիանա Ջոնս», նա կարողացել է եվրոպական տարբեր եկեղեցիներում, ինչպես նաեւ աշխարհի ամենաանհասանելի եւ փակ հաստատություններում գտնվող կմախքների եւ թանկարժեք զարդերի բազմաթիվ լուսանկարներ անել:
«Սուրբ մարմիններ. Պաշտամունքային գանձերը եւ կատակոմբների զարմանահրաշ սրբերը» գրքի հերոսներ են դարձել մոռացված հնագույն մասունքները՝ քրիստոնյա նահատակների մասունքները:
Դեռ 16-րդ դարում Վատիկանը հրամայել էր կատակոմբներից հանել եւ Գերմանիայի, Ավստրիայի ու Շվեյցարիայի տարբեր քաղաքներում պահել հազարավոր կմախքներ, գրում է Daily Mail-ը:
Բոլոր կմախքները հոգեւոր տներում եւ եկեղեցիներում փոխարինել են 1500-ական թթ. բողոքական բարեփոխումների ժամանակ ոչնչացված մասունքներին:
Պատմաբան Քոդոունարիսի գիրքը զարմանահրաշ ուղեցույց է դեպի անցյալ, որն առաջին անգամ կպատմի քրիստոնյա նահատակների մասունքների մասին: Ըստ պատմաբանի՝ ինքը տարբեր կմախքներ է ուսումնասիրել, եւ հենց այդ ժամանակ էլ իրեն հաջողվել է գտնել այդ հնագույն մասունքները:
Ըստ Քոդոունարիսի՝ Վատիկանի կատակոմբներում հայտնաբերված մասունքները վերագրվել են նահատակներին, նրանց ոսկորները դրել են արկղերում եւ հյուսիս ուղարկել: Այդ ամենին հավանություն է տվել եւ ստորագրել իշխանությունը: Որոշ կմախքներ թանկարժեք քարերով զարդարելու գործընթացը տեւել է հինգ տարի:






























