«Պզո» մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանը, ազատ արձակվելուց հետո, ամենայն հավանականությամբ, կվերադառնա ոչ թե Հայաստան, այլ Ռուսաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրող Սերգեյ Գալոյանը: Նա հիշեցրեց, որ Արմեն Ղազարյանը պետք է դատապարտվեր ԱՄՆ-ի քրեական օրենսգրքի 17 հոդվածներով եւ նրան ի սկզբանե սպառնում էր 64 տարվա ազատազրկում, սակայն նրա պաշտպանությամբ սկսել է զբաղվել Մարկ Կիրակոսը, ով ազգությամբ հայ է, Քիմ Քարդաշյանի հոր ընկերն է եղել եւ ԱՄՆ-ի լավագույն փաստաբանների տասնյակի մեջ է: Սերգեյ Գալոյանը փոխանցեց, որ Մարկ Կիրակոսը պաշտպանության ընթացքում նրան 37 ամսվա կալանքի են դատապարտել հաշված նրա կալանքի վերցնելու օրվանից:
Սերգեյ Գալոյանը նաեւ նշեց, որ Արմեն Ղազարյանը ցանկանում է գալ եւ զբաղեցնել Դեդ Հասնի տեղը, հավելելով, որ Դեդ Հասանի տեղի համար հիմնական հավակնորդը այսօրվա Շաքրոն է` Զաքարի Քալաշովը, ով դեռ իսպանական բանտում է եւ ազատ կարձակվի մոտ մեկ ամսից, ինչից հետո «հավաք» կհրավիրվի եւ կորոշվի, թե ով կփոխարինի Դեդ Հասանին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Պզո» մականվամբ հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանը Նյու Յորքի Հարավային օկրուգի դաշնային դատարանում 37 ամսվա բանտային կալանքի է դատապարտվել, 60 հազար դոլար տուգանքի եւ գույքի բռնագրավման՝ ներառյալ Քալիֆորնիայի 600 հազար դոլարանոց տունը: Հիշեցնենք, ավելի վաղ Ղազարյանը, որին ցմահ բանտարկություն էր սպառնում, մեղադրող կողմի հետ գործարքի մեջ էր մտել եւ ընդունել ռեկետով զբաղվելու մեղադրանքը: Դրա դիմաց դատավորը խոստացել էր «37 ամսվա կամ ավելի քիչ» ժամկետով ազատազրկում, եթե Ղազարյանը չբողոքարկի: Դատախազության տվյալով՝ 48-ամյա Ղազարյանը ղեկավարում էր «Միրզոյան-Թերջանյանի» հանցախումբը, որը գործում էր Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում: Դատախազության հայտարարությունում ասվում է, որ Ղազարյանն իր կարգավիճակն օգտագործել է «Միրզոյան-Թերջանյանի»՝ հայ-ամերիկյան հանցախմբի քաղարկման համար։ Հանցախումբը զբաղվում էր մեքենայություններով, փողերի լվացմամբ, կրեդիտ քարտերի կեղծմամբ, շորթումներով, ծխախոտի ապօրինի տարածմամբ, անգամ՝ «վիագրայի» կեղծմամբ: Ղազարյանը ԱՄՆ արտագաղթել էր 1996թ. եւ այնտեղ գտնվել փախստականի կարգավիճակով։ Ըստ նրա՝ հայը զոհվել էր Ադրբջանում ազգամիջյան բախումների հետեւանքով։ Քննությունը պարզել է, որ դա իրականությանը չի համապատասխանում, եւ Ղազարյանին արտաքսում է սպառնում: Հաշվի առնելով այն, որ Ղազարյանը ամերիկյան բանտում արդեն մոտ 30 ամիս մնացել է, կես տարի անց նա կարտաքսվի, սակայն առայժմ հայտնի չէ, թե ուր. Նա ծնվել է Բաքվում, բայց պնդում է, որ Ադրբեջանը լքել է ազգային հողի վրա կատարվող բռնություններից փրկվելու համար։ Ղազարյանի մայրը Հայաստանում է բնակվում, հայրը՝ Մոսկվայում: Վերջին խոսքից Ղազարյանը հրաժարվել է։ Նրա փաստաբան Մարկ Գերագոսը եւս քիչ է խոսել՝դատավորին շնորհակալություն հայտնելով իր պաշտպանյալին ընդառաջելու համար։ Գերագոսը նախկինում մի քանի աղմկահարույց դատավարությունների է մասնակցել, նրա հաճախորդների թվում հոլիվուդյան շատ աստղեր են եղել, այդ թվում՝ Մայքլ Ջեքսոնը:





























