Բրազիլացի միլիոնատեր Չիկունյո Սկարպան իր կյանքում շատ է բանի է հասել, ձեռք է բերել այն ամենը, ինչ ցանկացել է գնել: Սակայն մեծահարուստին տանջում է այն, որ մահից հետո ստիպված է լինելու հրաժեշտ տալ սիրելի իրերին, այդ թվում նաեւ 450 հազար դոլար արժողությամբ նոր Bentley մակնիշի ավտոմեքենային:
Արդյունքում Սկարպան տարօրինակ որոշում է ընդունել՝ թաղել իր Bentley-ն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ որոշել է հետեւել հին եգիպտական փարավոնների օրինակին: Գրառումը հավանել է ավելի քան 6000 օգտատեր:
Միլիոնատերը չգիտի, երբ ինքը կմահանա, սակայն որոշել է նախապատրաստվել՝ մեքենայի թաղման արարողությունը նշանակելով սեպտեմբերի 20-ին ժամը 11-ին սեփական առանձնատանը կից տարածքում, որը գտնվում է Սան-Պաուլոյի ամենահարուստ թաղամասում, ճշտում է Daily Mail-ը: Այդ կերպ նա իրան կապահովի «հարմարավետ ուղեւորություն դեպի հանդերձյալ կյանք»:
Սկարպայի գլխում նման միտք ծնվեց այն բանից հետո, երբ նա դիտեց Հին Եգիպտոսի վերաբերյալ հաղորդում, որտեղ մանրամասն պատմվում էր այն մասին, որ կարելի է սիրելի իրերը իրենց հետ հանդերձյալ աշխարհ տանել:
Ընկերները, ծանոթներն ու սոցիալական ցանցում նրան հետեւողները բուռն կերպով են արձագանքել միլիոնատերի այս որոշմանը: Այն հարցին, թե «Չիկունյո, ճիշտ է արդյո՞ք, որ դուք ցանակնում եք թաղել ձեր մեքենան հարկեր չվճարելու համար», միլիոնատերը բացասական պատասխան է տվել՝ հավելելով, որ միշտ բարեխղճորեն վճարել է հարկերը:
Հնչել է նաեւ կարծիք այն մասին, որ ավելի լավ կլիներ միլիոնատերը փողերը քամուն տալու փոխարեն օգներ կարիքավորներին:





























