Տղամարդիկ սեռական գայթակղություններին ավելի դժվար են դիմակայում ոչ թե թույլ ինքնավերահսկման, այլ սեռական առավել ուժեղ ազդակների պատճառով, հայտնում է Medical Express-ը՝ վկայակոչելով ամերիկացի գիտնականներ Նատաշա Թիդվելի եւ Փոլ Իսթվիկի ուսումնասիրությունը:
Հեղինակները ենթադրում են, որ տղամարդկանց զգացած սեռական հրապուրանքը սովորաբար ավելի ուժեղ է, քան կանանցը, ուստի տղամարդիկ առավել հակված են դավաճանության: Գիտնականները նաեւ ենթադրել են, որ տղամարդիկ կանանցից ոչ պակաս ընդունակ են վերահսկել սեփական սեռական ազդակները:
Իրենց հիպոթեզների ստուգման համար ուսումնասիրողները փորձարկում են իրականացրել: Առաջինին մասնակցել են 218 ամերիկացիներ՝ 70 տղամարդ եւ 148 կին, որոնց միջին տարիքը 32 էր: Կամավորներին առաջարկել են դեպքեր հիշել իրենց կյանքից, երբ սեռական հրապուրանք են զգացել որեւէ մարդու նկատմամբ եւ ստիպված են եղել զսպել, քանի որ սեռական հարաբերություններն այդ պահին անհնար էին: Հետո փորձի մասնակիցները մի քանի հարցի են պատասխանել, օրինակ՝ թե որքան էր ուժեղ սեռական հրապուրանքը եւ որքանով են մեծ եղել այն զսպելու համար գործադրած ջանքերը, գրում է Medportal.ru-ն:
Փորձարկումները ցույց են տվել, որ տղամարդիկ սեռական ավելի ուժեղ ազդակներ են ստացել եւ առավել հաճախ են սեռական գայթակղության տրվել, քան կանայք: Ինչ վերաբերում է ինքնավերահսկման ունակությանը, այդ առումով փորձը տղամարդկանց եւ կանանց միջեւ ոչ մի տարբերություն չի գտել: Փորձարկումները հաստատել են գիտնականների այն ենթադրությունը, որ տղամարդիկ գայթակղություններին կանանցից առավել հաճախ են տրվում, քանի որ առավել մեծ ցանկություն են զգում, այլ ոչ թե նրա համար, որ վատ են իրենց վերահսկում:





























