Կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքը հաղթել է Գեմանիայի բունդսթագի ընտրություններում:
Ըստ ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների` պահպանողականների դաշինքը հավաքել է ձայների 41,5%-ը`այդպիսով գրանցելով լավագույն արդյունքը Արեւմտյան եւ Արեւելյան Գերմանիայի միավորումից ի վեր: Այնուամենայնիվ, այդ արդյունքը բավարար չի եղել բունդսթագում բացարձակ մեծամասնություն ունենալու համար, այդ պատճառով էլ կառավարություն ձեւավորելու համար ՔԴՄ/ՔՍՄ-ն պետք է դաշինքում ներառի այլ ուժերի, նշում է lenta.ru-ն:
Երկրորդ տեղում է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ձախակենտրոն կուսակցությունը, որն ստացել էր ընտրողների ձայների 25,7%-ը: Խորհրդարան են անցնում նաեւ «Ձախերը» եւ «Կանաչները», որոնք ստացել էին համապատասխանաբար 8,6% եւ 8,4% ձայն:
Ներկայիս իշխող դաշինքում ՔԴՄ/ՔՍՄ-ի դաշնակից Ազատ դեմոկրատական կուսակցությունը խորհրդարան չի անցել` ստանալով միայն 4,8% ձայն` անհրաժեշտ 5% նվազագույնի փոխարեն: Ըստ վերլուծաբանների`ԱԴԿ-ի անհաջողությունը ՔԴՄ/ՔՍՄ-ին կստիպի դաշինք կազմել ԳՍԴԿ-ի հետ:





























