AEGEE-ի Երեւանյան գրասենյակը եւ Քաղաքացիական Ֆորում ՀԿ-ն կազմակերպում են հատուկ միջոցառում վիզաների դյուրացման ընթացակարգի վերաբերյալ, որը կհամախմբի շուրջ 40 երիտասարդ ակտիվիստների, որոնք ներկայացնում են տարբեր երիտասարդական կազմակերպություններ, քննարկելու վիզաների հեշտացման կարգի հետ կապված հիմնախնդիրները վերջին քաղաքական իրադարձությունների ենթատեքստում։

Հիշեցնենք, որ 2012թ-ի դեկտեմբերին եւ 2013թ-ի ապրիլին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կնքվել են վիզաների ազատականացմանը վերաբերող երկու կարեւոր փաստաթղթեր՝ «Վիզաների ազատականացման համաձայնագիր» եւ «Ռեադմիսսիայի պայմանագիր»։ Վերջիններս ենթադրում են Հայաստանի քաղաքացիների դյուրացված կարգով մուտքի ապահովում ԵՄ երկրներ, քանի որ ՀՀ-ն արդեն իսկ միակողմանիորեն վերացրել է ԵՄ անդամ-պետությունների հետ վիզային ռեժիմը։ Վերոնշյալ պայմանագրերը նաեւ ապահովում են նոր իրավական շրջանակ ԵՄ-ՀՀ համագործակցության համար։

Չնայած Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարը ներկայումս հարցականի տակ է դրված, AEGEE-ի Երեւանյան գրասենյակը եւ Քաղաքացիական Ֆորում ՀԿ-ն (JEF Հայաստան) խորապես համոզված են, որ այս երկու պայմանագրերը առանցքային դեր ունեն ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման հարցում՝ քաղաքացիական հասարակության, հատկապես երիտասարդության մակարդակում։

Հեշտ հասանելի վիզաների խնդիրը մշտապես եղել է երկու կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, քանի որ շատ դեպքերում հայաստանաբնակ կամավորներն ու երիտասարդական կառույցների աշխատողները հանդիպում են մի շարք խոչընդոտների վիզաների ստացման հարցում։

Այս ամենը հաշվի առնելով՝ Քննարկմանը կմասնակցեն Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը եւ Հայաստանի Եվրոպական Շարժում ՀԿ-ի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։