Բորդո քաղաքի դատարանը մերժել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտպանության միջնորդությունը եւ պահպանել է նրա ամբաստանյալի կարգավիճակը՝ 2007թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ խաբեության հետ կապված աղմկահարույց քրեական գործերից մեկի առնչությամբ:
Նիկոլյա Յուկ-Մորելը՝ L`Oreal ընկերության սեփականատիրուհի, հայցորդ Լիլիան Բետանկուրի դստեր փաստաբանը, հայտնել էր, որ դատավորները հաստատել են տիկին Բետանկուրի բժշկական փորձաքննության արդյունքները, որոնք Սարկոզիի փաստաբանները կասկածի տակ էին առել: Այդպիսով, ամբաստանյալի կարգավիճակը պահպանել են աղմկահարույց գործի բոլոր 12 մասնակիցները, այդ թվում նաեւ՝ նախկին նախագահը:
Այսպես կոչված «Բետանկուրի գործը», որը Ֆրանսիայում լայն արձագանք էր ստացել, կապված է երկրի ամենահարուստ կնոջ՝ L`Oreal-ի տիրուհի Լիլիան Բեթանկուրի անվան հետ: Իրավապահ մարմինների մոտ կասկածներ էին առաջացել, որ 2007թ. ընկերության միջոցները կարող էին օգտագործված լինել Սարկոզիի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար՝ շրջանցելով օրենսդրությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Քննությունը նախկին նախագահին կասկածում է, որ նա, օգտվելով L`Oreal-ի՝ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող համասեփականատիրուհու առողջական վատ վիճակից, երրորդ անձանց միջոցով վերջինիս միջոցների փոխանցման է հասել՝ իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար:





























