Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Ֆրիեդերիկ Օտտո Բիերվիրթին:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը ներկա էր նաեւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:
ՀՀ Սփյուռքի նախարարը գերագույն հանձնակատարին ներկայացրել է սիրիահայերի հիմնախնդիրները, ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը: Հրանուշ Հակոբյանը հյուրին ներկայացրել է նաեւ Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի հիմնադրման ծրագիրը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի համաձայն՝ արդեն մեկնարկել է, եւ դրա վերաբերյալ ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը:
Քրիստոֆ Ֆրիեդերիկ Օտտո Բիերվիրթին շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարին սիրիահայերի հիմնախնդիրները մանրամասն ներկայացնելու եւ ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ խորապես գիտակցում է Հայաստան ժամանած սիրիահայերի խնդիրների հետ կապված Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները: Նա բարձր է գնահատել ՀՀ ղեկավարության օժանդակությունը սիրիահայերին օգնելու հարցում:
Հանդիպման ընթացքում երկու կողմերը համաձայնության են եկել ավելի սերտ աշխատելու, համագործակցության համատեղ հուշագիր նախապատրաստելու եւ 2014-ի ընթացքում համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում:





























