Ամերիկյան Մերիլենդ նահանգի նահանգապետ Մարտին Օ' Մելլին հռչակագիր է  հրապարակել,  որով սեպտեմբերի 21-ը Մերիլենդ նահանգում  ճանաչվում է Հայաստանի անկախության օր: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայկական Ասամբլեան:

Մերիլենդը հանդիսանում է ակտիվ հայ համայնք ունեցող նահանգներից մեկը, որը լավագույն կերպով ներկայացվել էր նահանգի պաշտոնյաների ու տեղական պաշտոնյաների կողմից, ովքեր կիսում են ամերիկահայերի շահերն ու արժեքները: Հռչակագրում, մասնավորապես, ասվում է.« Հայ ժողովուրդը, ինչպես նաեւ երիտասարդ ժողովրդավար Լեռնային Ղարաբաղի հայերը, Միացյալ Նահանգների հետ վաղեմի ու ամուր հարաբերություններ ունեն»:

Այս առիթով Հայկական ասամբլեայի անդամ Աննի Թոթան հայտարարել է.« Ես անչափ շնորհակալ եմ, որ մեր նահանգի նահանգապետը հրապարակել է այս հռչակագիրը Հայաստանի Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Նահանգապետ Օ' Մելլին օգնել է Մերիլենդի հայերին բարգավաճել ու աշխատել, որպեսզի Մերիլենդը դառնա երկրի առաջատար նահանգներից մեկը: Իրական հաճույք է աշխատել նրա հետ ու նրա ղեկավարությամբ»: