Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե քննարկվել են Եվրախորհրդի հետ Հայաստանի 2012-2014թթ. գործողությունների ծրագրի` տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր:  Օլեքսանդր Պավլյուկը տեղեկացրել է, որ Դանիայի կառավարությունը  1,7 մլն եվրո է հատկացրել  նշված միջոցառումների իրականացման համար:  Միջոցառումները երեք հիմնական ուղղություն են ներառում`  աջակցություն տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին,  ՏԻՄ-երի կարողությունների զարգացում եւ  ՏԻՄ-երի կառավարման կարողությունների հզորացում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Տարածքային կառավարման նախարարության եւ ԵԽ հայաստանյան գրասենյակի մասնագետներն առաջիկա օրերին կհստակեցնեն նշված բաղադրիչների շրջանակում առաջնահերթությունները եւ կսկսեն համատեղ աշխատանքը` ներգրավելով նաեւ ԵԽ մասնագետների:

Փոխվարչապետը նշել է, որ ակնկալվում են կոնկրետ եւ գործնական նշանակություն ունեցող արդյունքներ, որոնք օգտակար կլինեն  համակարգում իրականացվող բարեփոխումների համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում անցկացվելիք միջոցառումներին, մասնավորապես հոկտեմբերին Երեւանում կայանալիք ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպմանը, քննարկեցին նաեւ հոկտեմբերի վերջին Ստրասբուրգում  ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանին Հայաստանի պատվիրակության մասնակցությանը վերաբերող հարցեր: