Չնայած Մաքսային Միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի որոշմանը, եվրոպացի պատգամավորները կոչ են անում վերջնականապես երես չթեքել Հայաստանից եւ հնարավորություն տալ, որ պաշտոնական Երեւանը մասնակցի Եվրամիության մի շարք գործակալությունների աշխատանքին։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, եվրոպական ընտանիքը երեք տասնյակից ավելի գործակալություններ ունի ամենատարբեր ոլորտներում՝ բնապահպանականից մինչեւ պաշտպանություն, որոնց հետ համագործակցելու հարցով մեկ տարի առաջ հենց Հայաստանի իշխանություններն էին դիմել պաշտոնական Բրյուսելին։ Խնդրանքը բավարարելու համար եվրոպացի պատգամավորները ամիսներ առաջ սկսել էին հատուկ համաձայնագիր մշակել, որը նախօրեին, ըստ նախապես հաստատված օրակարգի, քննարկման է դրվել Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

«Այս փաստաթուղթը որեւէ կապ չունի Ասոցացման համաձայնագրի հետ, որը այլեւս Վիլնյուսում չի ստորագրվի»,- հայտարարել է փաստաթուղթը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Չարլզ Թաննոքը` մանրամասնելով. «Սա մի համաձայնագիր է, որը հնարավորություն կտա Հայաստանին էլ ավելի զարգացնել մշակութային, կրթական, բնապահպանական, գիտական եւ տեխնիկական կապերը Եվրամիության հետ, էլ ավելի ամրապնդել մարդկանց միջեւ շփումներն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Եթե մենք հիմա մեջքով շրջվենք Հայաստանին, դա կլինի ոչ հեռատես քաղաքականություն, որը կբխի Ռուսաստանի շահերից»։

Ընդ որում, բրիտանացի պատգամավորը հայտարարել է, թե Մաքսային միությանը միանալու՝ Հայաստանի որոշումը ի վերջո պետք է վավերացվի հանրաքվեով, թեեւ Հայաստանի իշխանությունները գոնե երկրի ներսում այս մասին դեռեւս որեւէ բան չեն ասել։

Ներկայացված համաձայնագիրը հաստատելու օգտին խոսել է նաեւ Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովատչեվը՝ կրկին հորդորելով երես չթեքել Հայաստանից ու էլ ավելի չսրել այն բարդ իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանի նախագահն ու կառավարությունը։

Առավել մանրամասն կարդացեք այստեղ.