«Իշխանության բոլոր ջանքերը կոծկել մարտի 1-ի սպանդը՝ ոչ մի արդյունք չտվեցին, եւ երբ հյայտարարում են, թե դեռ պետք է մարսենք „մարտի 1-ը“, ասեմ, որ չեն մարսելու»,- մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ-ի անդամ Դավիթ Շահնազարյանը:
Այնուհետեւ անդրադառնալով արտահերթ ընտրությունների թեմային՝ նա նկատեց, որ այսօր ոչ միայն ընդդիմությունն է այդ մասին խոսում, այլ նաեւ իշխանության ներսում գտնվող ուժերն իրենց գործողություններով հիշեցնում են այդ մասին, ինչը նշանակում է, որ ներքաղաքական ճգնաժամը գնալով խորանում է: «Ստեղծված իրավիճակում իշխանություններն ու առաջին հերթին Սերժ Սարգսյանը պետք է մտահոգված լինեն, որ ինչ-որ ձեւով հաղթահարեն այդ ճգնաժամը, համախմբեն հասարակությանը, որպեսզի հնարավոր լինի դիմակայել արտաքին մարտահրավերներին»,- ասաց Դ. Շահնազարյանն ու հավելեց. «Որպես դրա առաջին քայլ իշխանությունը պետք է ազատվի քաղբանտարկյալներից, բայց նրանք նման քաջության պատրաստ չեն, ուստի ճգնաժամը դեռ խորանալու է»:
Դիտարկմանը, թե իշխանությունները կարծես տրամադրություն չունեն արտահերթ ընտրությունների գնալ, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «Նրանք կգնան արտահերթ ընտրությունների առանց տրամադրության»:
Իսկ հարցին, թե ում հետ է համագործակցելու ՀԱԿ-ը իշխանափոխություն իրկանացնելու համար, նա պատասխանեց. «Բոլոր այն ուժերի հետ, որոնք ուզում են փոփոխություն, բայց ոչ այն ուժերի հետ, որոնք մի կերպ ԵԽ-ից տեղեկանք են բերել, որ իրենք ընդդիմություն են»: Խոսքը ՀՅԴ-ի մասին է, քանի որ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ՀՅԴ ներկայացուցիչը ԵԽ-ի կողմից համարվել է որպես ընդդիմությունը ներկայացնող պատգամավոր:


























