ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը մարտի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին, Հարավային Կովկասում տրանսպորտի ծրագրերի պատասխանատու Օլիվեր Լը Բերին եւ բանկի այլ ներկայացուցիչների:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի քարտուղարից, Ա.Վարուդակիսը մանրամասն ներկայացրել է ՀԲ-ի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի ընթացքը: Մասնավորապես՝ նշվել է, որ անցած տարի սկսվել եւ այս տարի կավարտվի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագիրը, որի սկզբնական ֆինանսավորումը կազմել է 25 մլն ԱՄՆ դոլար, այնուհետեւ ստացել լրացուցիչ` 36,6 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Ա.Վարուդակիսը տեղեկացրել է, որ այդ ծրագրով նախատեսվում է վերանորոգել ընդհանուր առմամբ 240 կմ ճանապարհահատվածներ` հանրապետության մի շարք համայնքներում: ՀԲ-ի ներկայացուցչի գնահատմամբ, ծրագիրը բավականին արդյունավետ է, քանի որ այն գյուղական համայնքի ճանապարհը կապում է հարակից գլխավոր մայրուղիների հետ, ինչպես նաեւ համայնքների բնակչությանն ապահովում լրացուցիչ աշխատատեղերով:
Ա.Վարուդակիսը անդրադարձել է նաեւ առաջիկայում բանկի կողմից նախատեսվող ճանապարհաշինարարական նոր ծրագրերի իրականացմանը: Նշվել է, որ ՀԲ-ն նախատեսում է մինչեւ տարեվերջ տրամադրել մոտ 35-40 մլն ԱՄՆ դոլարի վարկ` «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» կողմից դադարեցված ընդհանուր առմամբ 171 կմ ճանապարհահատվածների, ինչպես նաեւ միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչեւ Հալիձոր գյուղ տանող հատվածի կառուցման եւ վերանորոգման նպատակով: Վերջինի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա հոկտեմբերին:
Հանդիպման վերջում Ա.Վարուդակիսը նախարար Մ.Վարդանյանին հրավիրել է Թբիլիսի, որտեղ մայիսի 12-ին կկայանա ՀԲ-ի կողմից կազմակերպած` տրանսպորտի ոլորտին նվիրված միջազգային դոնոր կազմակերպությունների ղեկավարների խորհրդաժողով, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տրանսպորտի նախարարների գլխավորած պատվիրակությունները:


























