Թուրքիայի ժամանակակից լրագրողների միության նախագահ Ահմեդ Աբաքայը հայտնել է, թե նույնիսկ իր հարազատներից է սպառնալիքներ ստացել, երբ մամուլով ասել է, որ իր մայրն իր ամբողջ կյանքում թաքցրել է հայ լինելը եւ դրա մասին ինքը գիրք է գրել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ գրող-լրագրող Ահմեդ Աբաքայն իր մոր մասին գրած «Հոշանայի վերջին խոսքը» գրքի շնորհանդեսի ժամանակ պատմել է, որ երբ ինքը մամուլով հայտնեց, որ գիրք է գրել 82 տարեկանում իր հայ լինելը բացահայտած մոր մասին, ենթարկվել է նույնիսկ իր հարազատների սպառնալիքներին։ «Երբ այսօր իմ բարեկամներն ինձ նման բաներ են ասում, ուրեմն բնական է, որ մայրս այդքան տարիներ վախեցել է հայտնել իր հայ լինելը»,-նշել է Աբաքայը՝ շեշտելով, թե իր մայրը խնդրել էր, որ մինչ իր մահը ոչ-ոքի չասի իր հայ լինելու մասին։

Ահմեդ Աբաքայը պատմել է, որ գիրքը գրելուց շատ զգացմունքային պահեր է ապրել եւ որոշ հատվածներ գրելուց երկար արտասվել է։

Նշենք, որ Թուրքիայի ժամանակակից լրագրողների միության նախագահ Ահմեդ Աբաքայի «Հոշանայի վերջին խոսքը» գրքի նախաբանում գրված է հետեւյալը.

«Մանկուց ի վեր ալեւիական մշակույթով մեծացած մի կին, իր հայ լինելը 82 տարի շարունակ իր ընտանիքից, երեխաներից, թոռներից կթացքնի՞: Մի գյուղ 82 տարի եւ  այսօր կլռի՞:

Ինչեւէ, մի օր, իր ամենակրտսեր որդուն՝ ինձ, պատմեց իրականությունն իր մանրամասներով:  Հաջորդ օրը վթարի հետեւանքով կորցրեց գիտակցությունը,  որից հետո մահացավ: Գրելով Հոշանայի այս գաղտնիքը, անհրաժեշտ համարեցի ներկայացնել նրա կյանքից մանրամասներ,  որոնք ձգվել են մինչեւ իմ մանկություն եւ երիտասարդ տարիներ»