Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական` 20-րդ նիստը, որի ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընտրվել է համակարգող խորհրդի նախագահ: Միաժամանակ որոշում է կայացվել կառույցի հաջորդ` 21-րդ նիստը 2014-ին անցկացնել Հայաստանում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե համակարգող խորհրդի նիստում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետությունների հարկային օրենսդրության եւ վարչարարության փոփոխությունների անհրաժեշտության մասին: Մասնակիցներն անդրադարձել են նաեւ ԱՊՀ անդամ պետություններում հարկային կարգավորման ոլորտում ներդրված նորարարական մոտեցումներին, քննարկել հարկային համակարգերի գործունեության հիմնական ցուցանիշների, տնտեսության նկատմամբ հարկային բեռի մակարդակի, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ պետություններում 2011-2012թթ. ՓՄՁ սուբյեկտների կողմից պարզեցված հարկային ռեժիմների կիրառման վերլուծության արդյունքները:




























