Բրիտանական Դարլաստոն քաղաքի բնակիչ, նկարիչ Ջոն Ջեքսոնը  անանուխով կոնֆետների զոհ է դարձել: Նա մի ողջ տուփ կոնֆետ է կերել, որոնցից յուրաքանչյուրը 80 միլիգրամ կոֆեին է պարունակում: Բժիշկները հաստատել են. մահվան պատճառը կոֆեինից ինտոքսիկացիան է եղել:

Ոստիկանությունում նշել են, որ կոֆեինով կոնֆետները ազատ վաճառվում են: «Սա շատ վտանգավոր իրավիճակ է, այդ կոնֆետներում կոֆեինի մակարդակը շատ մեծ է: Ես առավել քան վստահ եմ, որ պարոն Ջեքսոնը նույնիսկ չէր կասկածում, որ իրեն նման վտանգի է ենթարկում: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե մարդը 10 բանկա էներգետիկ ըմպելիք խմի»,-նշել է քննության ներկայացուցիչ Ռոբին Բալմեյնը, գրում է բրիտանական Sun թերթը:

40-ամյա Ջեքսոնը երկու երեխա ունի, նրա կինը պահանջել է արգելել կոֆեինով կոնֆետների վաճառքը:

Կոնֆետների արտադրող Hero ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ շոկի մեջ է իրենց արտադրանքից տղամարդու մահվան լուրից: Նրանք ցավակցություններ են հայտնել զոհվածի հարազատներին: Նրանք ասել են, որ կոնֆետի տուփի վրա հստակ գրված է. «Չօգտագործել ավելի քան 5 կոնֆետ 24 ժամվա ընթացքում»: