Համաշխարհային բանկի տնօրեն Ջիմ Էն Կիմը հայտարարել է, որ ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտին մնացել է հինգ օրից քիչ ժամանակ: Նրա խոսքով՝ Վաշինգթոնւմ քաղաքաական գործիչների անկարողությունը հասնել համաձայնության պետական պարտքի ծայրակետի բարձրացման հարցում կարող է գլոբալ տնտեսական աղետի պատճառ դառնալ, հաղորդում է Dni.ru-ն:
«Վտանգին հինգ օր է սպասվում: Ես կոչ եմ անում ամերիկացի քաղաքական գործիչներին հնարավորինս շուտ լուծում գտնել, քանի դեռ ուշ չէ… Անգործությունը կհանգեցնի բարձր տոկոսադրույքներով պարտքի, համաշխարհային շուկաներում վստահության անկման ու աճի զարգացման տեմպերի դանդաղեցման»,- հայտարարել է Ջիմ Էն Կիմը մամուլի ասուլիսի ժամանակ, որը կայացել է Համաշխարհային բանկի զարգացման հարցերով կոմիտեի անդամների հանդիպումից հետո:
«Եթե ծայրակետը անտեսվի, ապա դա աղետալի կդառնա զարգացող երկրների համար, եւ, վերջնական արդյունքում, ահռելի հարված կհասցնի զարգացած տնտեսություններին»,- Ջիմ Էն Կիմի խոսքերը մեջբերում է Forbes-ը:
Բանն այն է, որ նախորդ շաբաթվա սկզբին Bloomberg գործակալությունը հրապարակեց հետազոտություն, որի համաձայն ԱՄՆ-ում դեֆոլտ տեղի կունենա հոկտեմբերի 17-ին: Դա այն ամսաթիվն է, որին ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հատկացնելու է ընդամենը 30 մլրդ դոլար, այն դեպքում, երբ անհրաժեշտ է 60 մլրդ: Եթե մինչ այդ ամերիկացի քաղաքական գործիչներին չհաջողվի համաձայնության գալ առողջապահության բարեփոխման շուրջ ծայրակետի բարձրացման հարցում, ապա ԱՄՆ-ը կհայտարարի դեֆոլտի մասին:
Դեֆոլտ(անգլ.՝ default, պարտականությունների չկատարում) նշանակում է պարտավորությունների չկատարում, այսինքն հիմնական պարտքի կամ դրա տոկոսադրույքների չվճարում սահմանված ժամկետում:
Դեֆոլտը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ոչ միայն տվյալ պետության համար, որն իրեն անվճարունակ է ճանաչել, այլ նաեւ մյուս պետությունների համար, որոնք հանդիսանում են նրա պարտապանները: Դեֆոլտը կարող է ֆոնդային շուկաներում անկում հարուցել կամ գլոբալ տնտեսական ճգնաժամ, որից կտուժեն ոչ միայն սնանկ պետությունները, այլ նաեւ նրանց վարկատու երկրները:
Այն պահից ի վեր, երբ վերացվեց դոլարի կապը ոսկու արժեքի հետ (1971թ.), ԱՄՆ-ը յուրահատուկ հնարավորություն ստացավ տպել ցանկացած քանակությամբ գումարներ, ինչը անհրաժեշտ կհամարի: Արդյունքում դոլարիժը դարձավ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի պարտքի արտոնագիր: Հենց այդ պարտավորություններով՝ դոլարով, Ամերիկան վճարում է արտաքին շուկաներում սպառվող ռեսուրսների դիմաց:
Այս տարիների ընթացքում ԱՄՆ-ի պարտքը հասել է ՀՆԱ-ի մոտ 107 տոկոսին, իսկ նրա առավելագույն չափը կազմել է 16,7 տրիլիոն դոլար: Համարվում է, որ հոկտեմբերի 17-ին բոլոր ջանքերը տվյալ սահմանի պահպանման համար այլեւս չեն գործի: Մինչ այդ օրը ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է համաձայնի ավելացնել պարտքի վերցման առավելագույն չափը, ինչը անհրաժեշտ է ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի հետագա գործունեության համար:
Եթե ԱՄՆ-ում դեֆոլտը տեղի ունենա, այն «կուտի» մյուս երկրների տարադրամային պահուստները(դոլար), ազգային արտարժույթը կամրապնդվի, իսկ նավթի գինը կբարձրանա: 2011թ.-ին նմանատիպ լուրերի տարածման ժամանակ ռուս փորձագետները կարծում էին, որ ամերիկյան ակտիվները կկորցնեն կայության իրենց հատկանիշը: Այդ դեպքում ամերիկյան դոլարը կկրճատեր իր ազդեցությունը, որպես վճարման, խնայողության ու փոխանակման համաշխարհային միջոց:
Նման դեպքում կավելանար այլընտրանքային տարադրամի(ինչպես եվրոն) պահանջարկը, ինչպես նաեւ ոսկու: Սակայն, ինչպես հայտնի է, այն ժամանակ ռուս փորձագետների վատ կանխատեսումները չարդարացան:
Պատրաստեց Ալբերտ Խաչատրյանը





























