Մոսկվայի եւ Կիեւի միջեւ կոնֆետային-ծաղկեփնջային փուլ է սկսվել, գրում է ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ ներկայացնելով ռուս-ուկրաինական միջպետական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը, որը կայացել է այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Կալուգայում:
Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու մասին հայտարարությունից հետո Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները զգալիորեն սառել են: Մոսկվայի փորձերը՝ համոզել Կիեւին չստորագրել ԵՄ-ի հետ այդ համաձայնագիրը, հաջողությամբ չեն պսակվել: Կտրուկ, երբեմն վերջնագրի լեզվով Կիեւին ուղղված հայտարարությունները կախված են մնացել օդում, իսկ Կիեւն անդրդվելի է: Նման հռետորությունը շարունակելն այլեւս անիմաստ է դարձել, ուստի Մոսկվան մեղմացրել է իր հռետորությունը եւ ընդունել իրականությունը, ինչպես այն կա, նշում է պարբերականը:
Կալուգայում կայացած հանդիպմանը Դմիտրի Մեդվեդեւը կտրուկ հայտարարություններ չի արել ուկրաինացիների հասցեին: Կալուգայում երկու երկրների վարչապետներ Մեդվեդեւն ու Ազարովը քննարկել են ռուս-ուկրաինական բարեկամությունը նոր կանոններով շարունակելու հարցը:
Մեդվեդեւն ասել է. «Երգից բառերը դուրս չես նետի. մենք լուրջ փոփոխությունների փուլում ենք»:
«Ակնհայտ է, որ Ուկրաինան արել է իր ընտրությունը: Դա մենք համարո՞ւմ ենք դրամատիկ կամ ճակատագրական: Ոչ, մենք այդպես չենք կարծում: Ես չգիտեմ, թե ինչու է Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքում: Ես այդտեղ առանձնապես ոչ մի օգուտ չեմ տեսնում, բայց ուկրաինացի գործընկերները երեւի ավելի լավ գիտեն»,-հայտարարել է Մեդվեդեւը՝ հավելելով, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ վիզային ռեժիմ կիրառելու հնարավորությունը չի քննարկվել:
Ավարտին Ազարովը Մեդվեդեւին «Ռոշեն» կոնֆետներ է նվիրել, սակայն Մեդվեդեւը չի կերել:





























