Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Դարեր առաջ Հայոց Արտավազդ թագավորի օրոք մայրաքաղաք Արտաշատը դարձել է հայ թատրոնի հիմնավայրը: Իսկ այսօր, արդեն ավելի քան 10 տարի է, Հայաստանում անցկացվում է „Արտավազդ“ թատերական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում տարբեր անվանակարգերում մրցանակներ են հանձնվում թատերարվեստին մատուցված ծառայությունների համար:
Թատերական կյանքը Հայաստանում շարունակվել է անկախ հասարակական կյանքի ելեւէջներից: Այն, որ այսօր Հայաստանում անցկացվում են տարաբնույթ միջազգային փառատոններ, խոսում է մեր մշակութային գրավչության, մեր ստեղծագործ գենի կենսունակության մասին:
Այսօր մեր թատերական կյանքում աշխույժ անցուդարձ է` սկսած ներկայացումների խաղացանկից, վերջացրած ներթատրոնային կյանքով: Ժամանակին ունեցել ենք հիանալի մարզային թատրոններ` որոնք , ի դեպ, այսօր աջակցության կարիք ունեն: Մարզերի բնակչությանը պետք է ավելի ակտիվ մասնակից դարձնել թատերական եւ ընդհանրապես մշակութային կյանքին:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ թատերական աշխարհի բոլոր գործիչներին, այդ թվում նաեւ նրանց, ում աշխատանքը տեսնում ենք, բայց նրանք չեն երեւում բեմում: Մաղթում եմ մշակութային անսպառ եռանդ ու երկարակեցություն, համերաշխություն և բարեկեցություն»:




























