Այսօր մեր վիրտուալ գրասենյակի բազայում կան 100-ից ավել պրոֆեսիոնալ ՏՏ մասնագետներ, որոնք որակյալ աշխատանք են կատարում կոնկրետ ոլորտում։ Այս մասին NЕWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «X-Tech» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Աթոյանը՝ ավելացնելով, որ նման մասնագետները արդեն աշխատում են այլ ընկերություններում եւ ստանում են բավական բարձր աշխատավարձ, իսկ իրենք այդ մասնագետներին ավելի բարձր աշխատավարձ չեն կարող առաջարկել։

«Որակյալ մասնագետին, որը ստանում է բարձր աշխատավարձ, մեր ընկերությունը չի կարող առաջարկել ավելի շատ գումար եւ պահել որպես հիմնական աշխատող, քանի որ նրա յուրահատուկ գործի պահանջարկը մեծ չէ»,- ասաց Ա. Աթոյանը՝ ավելացնելով, որ նման աշխատողների մշտական կարիք իրենք չունեն, սակայն վիրտուալ գրասենյակը օնլայն բազայում գտնվող մասնագետներին հնարավորություն է տալիս աշխատել ցանկացած վայրից՝ կոնկրետ նախագծեր իրականացնելու համար։

«X-Tech»-ի հիմնադիր տնօրենի խոսքով՝ իրենց ընկերության կայքին կից գործում է վիրտուալ լաբորատորիա, որտեղ ղեկավարվում են բոլոր նախագծերը, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդին նախագծի ցանկացած փուլում նայել աշխատանքը եւ մեկնաբանություններ անել։

«Վիրտուալ լաբորատորիան մի միջավայր է, որտեղ հաճախորդը կարողանում է տեսնել իր պատվիրած նախագիծը, դիզայներին եւ փոփոխություններ անել»,- ասաց Ա. Աթոյանը։