Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) հայտարարություն է տարածել կապված ապրիլի սկզբին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) կողմից Երեւանում կազմակերպվելիք համաժողովի հետ:

«Հաշվի առնելով լրագրողների, հասարակական կազմակերպությունների, իրավաբանների, ուսանողների, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև անհատ քաղաքացիների մեծ հետաքրքրությունը „Արդարադատություն. Նոր մարտահրավերներ, Անկախ դատարանի առջև արդյունավետ պաշտպանության իրավունք“ խորագրով համաժողովի նկատմամբ, մեկ անգամ եւս հաղորդում ենք, որ այն այն տեղի կունենա Երևանում 2010թ. ապրիլի 6-8-ը, դրան կհաջորդի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարը, FIDH համագումարի մասնակիցներ են միայն Ֆեդերացիայի անդամ կազմակերպությունների պատվիրակները 105 երկիրներից»,- նշում են հայտարարության հեղինակներն ու հավելում, որ համաժողովը բաց է մասնակցության համար։

«Մասնակիցների քանակը կարող է սահմանափակվել դահլիճների տեխնիկական հնարավորություններով (նստատեղեր, թարգմանչական սարքեր), չնայած նրան, որ կազմակերպիչները վարձակալել են քաղաքի ամենամեծ դահլիճները և հատուկ թարգմանչական սարքեր Ուկրաինայից: Ֆորումին մասնակցելու համար նախապատվությունը կտրվի իրավապաշտպաններին և իրավաբաններին։

Խնդրում ենք լրացնել հետևյալ հասցեում գտնվող գրանցման ձևը՝ http://www.hra.am/upload/Participation_form1.doc, նշելով այն նիստերը, որոնց ցանկանում եք մասնակցել։ Լրացրած ձևը խնդրում ենք ուղարկել [email protected] հասցեով՝ մինչև ապրիլի 2-ը։ Մասնակիցները կստանան հրավիրատոմսեր ՔՀԻ գրասենյակից»,- ասված է հայտարարության մեջ: