Մոսկվայի ահաբեկչություններում կարող է վրացական հետք հայտնվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։

«Շրջանառվում են բոլոր տարբերակները, այդ թվում նաեւ այն, որ ահաբեկչությունները կարող են կազմակերպած լինել Հյուսիսային Կովկասի ահաբեկիչները։ Ամեն դեպքում հիմնական կասկածն այդ ուղղությամբ է գնում»,- հայտարարել է Պատրուշեւը։

Նրա խոսքով, գործի քննությունում զգալի առաջընթաց կա։

«Մենք տեղեկություններ ունենք, որ վրացական հատուկ ծառայությունների առանձին աշխատակիցներ կապ են պաշտպանում Հյուսիսային Կովկասի ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Մենք պետք է ստուգենք նաեւ այս վարկածը»,- Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Մոսկվայի մետրոյի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում պայթյուններ էին որոտացել։ Զոհերի թիվը կազմել է 39 մարդ։ Եւս 72 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ գտնվում են Մոսկվայի հիվանդանոցներում։