Մեծ Բրիտանիայում սկսել են յուրօրինակ պաղպաղակ վաճառել. այն մութ ժամանակ լույս է արձակում: Պաղպաղակի բաղադրատոմսը ստեղծել է Lick Me I'm Delicious ընկերության նախագահ Չառլի Ֆրենսիսը՝ չինացի մասնագետների հետ համատեղ: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում: Լուսարձակող պաղպաղակը թանկ հաճույք է. մեկ գնդիկն արժե 140 ֆունտ ստեռլինգ (225 դոլար):

Բարձր գինը պայմանավորված է պաղպաղակի բաղադրության մեջ մտնող հազվագյուտ սպիտակուցով: Այդ սպիտակուցը չինացի մասնագետներն ստացել են հատուկ տեսակի մեդուզաներից:  Այն փոխազդեցության մեջ է մտնում կալցիումի հետ, որի հետեւանքով էլ սկսում է լույս արձակել, գրում է բրիտանական  Metro թերթը:

Ներկայումս ընկերությունը մշակում է  պաղպաղակի ավելի էժան տարբերակ: Սակայն այն դեռ չի ստեղծվել, հաղորդում է NEWSru.com-ը:

Լուսարձակող քաղցրավենիքի ստեղծողները նախկինում արդեն իրարանցում առաջացրել էին շուկայում՝ ամենաանսովոր համերի պաղպաղակների շնորհիվ:

Ներկայումս Lick Me I'm Delicious-ն զբաղվում է նաեւ «անտեսանելի պաղպաղակի» ստեղծմամբ: Այս նախագծի մասին քիչ բան է հայտնի: