Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, պետական, քաղաքական եւ հասարակական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով՝ երկարամյա եւ արդյունավետ պետական-հասարակական գործունեության, ինչպես նաեւ տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար:
Նախագահի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 16-ին Վլադիմիր Մովսիսյանի ընտանիքի անդամների, գործընկերների, կուսակցական ընկերների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է ականավոր գործչին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն, երկար տարիների կյանք, բարօրություն եւ արեւշատություն՝ նրա ընտանիքին, ապա իր խոսքում անդրադարձել է Վլադիմիր Մովսիսյանի կյանքին ու հայրենանվեր գործունեությանը:
«Երկար կարելի է խոսել Վլադիմիր Մովսիսյանի կյանքի անցած ուղու մասին: Կարելի է թվարկել նրա զբաղեցրած բազմաթիվ պաշտոնները եւ այդ ընթացքում Հայաստանում արձանագրված հաջողությունները: Բայց իմ կարծիքով, Վլադիմիր Մովսիսյանին կարելի է կարճ բնութագրել որպես «մարդ-դարաշրջան»: Իմ խորին համոզմամբ, Վլադիմիր Մովսիսյանն այն մարդկանցից մեկն է, ով ներկայացնում ու խորհրդանշում է հայ ժողովրդի պատմության կարեւոր ձեռքբերումների դարաշրջանը»,-ասել է նախագահը: Սերժ Սարգսյանը կարեւորել է Վլադիմիր Մովսիսյանի եւ նրա բազմաթիվ գործընկերների ակտիվ մասնակցությամբ խորհրդային տարիներին Հայաստանում ստեղծված հարուստ ժառանգությունը, ընդգծելով, որ առանց այդ ծանրակշիռ տնտեսական, գիտական, հոգեւոր ու մշակութային հենքի, հնարավոր չէր լինի կերտել Հայաստանի անկախությունը: Նախագահը նշել է, որ Վլադիմիր Մովսիսյանն իր աննկուն աշխատանքով եղել է այդ անկախությունը կերտողներից մեկը:
«Դուք բոլոր պայմաններում ձգտել եք Ձեր ներդրումն ունենալ հզոր եւ ինքնուրույն Հայաստանի կերտման գործում: Միայն ուժեղ Հայաստանը կարող է ստիպել ուրիշներին՝ իր հետ հաշվի նստել, միայն ուժեղ Հայաստանի հետ հաշվի կնստեն նրա հեռու եւ մոտիկ, բարյացակամ եւ անբարյացակամ հարեւանները: Հենց այդ լուրջ գիտակցմամբ էր, որ Դուք անկախ Հայաստանի կերտման անցած 22 տարիներին Ձեր փորձառությունը, գիտելիքներն ու կազմակերպչական տաղանդը ներդրել եք եւ այժմ էլ շարունակում եք ծառայել մեր երկրին ու ժողովրդին: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այսօր արդեն Սեւանի հարցերով հանձնաժողովում Ձեր կատարած հսկայական աշխատանքի համար»,-ասել է Հանրապետության նախագահը եւ մաղթել, որպեսզի պետական ականավոր գործիչը շարունակի իր հայրենանվեր գործունեությունը, քանզի նա պետք է մեր երկրին ու ժողովրդին:
Վլադիմիր Մովսիսյանն իր շնորհակալական խոսքում մեծ պատիվ է համարել պետական բարձր պարգեւի՝ Պատվո շքանշանի արժանանալն ու իր ընտանիքի անդամների, ընկերների, գործընկերների, զինակիցների ներկայությամբ այն Հանրապետության Նախագահից ստանալը: «Ես մեկ-մեկ, ինչպես բանաստեղծն էր ասում՝ խղճիս հետ զրույց եմ անում, 80 տարիների բարձունքից հետ նայելով վերլուծում եմ իմ անցած ճանապարհը, գնահատում արածն ու չարածը եւ սթափ գնահատելով, եզրակացություններ եմ անում: Այն, ինչ ես արել եմ, արել եմ ձեր օգնությամբ, մեր ժողովրդի օգնությամբ, մեր հանրապետության իմ գործընկերների, բոլոր օղակների եւ զինակիցների օգնությամբ»,-ասել է շքանշանակիր հոբելյարը: Նա նշել է, թե իր համար չափազանց հաճելի է լսել Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում ստեղծված եւ նորանկախ Հայաստանի համար կարեւոր հիմք հանդիսացած, հիրավի, ծանրակշիռ արժեքների մասին ՀՀ Նախագահի գնահատականը, որը խոսում է երկու հասարակարգերի միջեւ ամուր կամուրջ ստեղծելու մասին: Դա, ըստ Վլադիմիր Մովսիսյանի, Հայաստանի հետագա զարգացման ճանապարհին մեծ խթան կհանդիսանա:
Վլադիմիր Մովսիսյանը համառոտ անդրադարձել է իր կյանքին եւ գործունեությանը, թվարկել իր հաջողություններն ու ձեռքբերումները, ընդգծելով, որ այդ ամենին մշտապես շատ հանգիստ է վերաբերել: «Երբ ինձ հաջողվել է մի բան անել՝ երբեւիցե ժամանակից շուտ չեմ հրապուրվել: Եթե մի բան էլ չի հաջողվել, ժամանակից շուտ չեմ հիասթափվել, այլ՝ համառությամբ սպասել եմ ժամանակին, որ նորից ու նորից կարողանամ իմ ծառայությունները բերել իմ երկրին ու ժողովրդին»,-ասել է պետական գործիչը եւ վստահեցրել Հանրապետության Նախագահին ու պարգեւատրման հանդիսավոր արարողությանը ներկա իր գործընկերներին ու ընկերներին, որ տրամադրված է մարտականորեն եւ հետայսու էլ շարունակելու է ծառայել մեր ժողովրդին ու պետությանը, որի առջեւ այսօր էլ բազմաթիվ մարտահրավերներ կան, որոնք հնարավոր է հաղթահարել միասնական ջանքերով: Նա պատրաստակամություն է հայտնել իր գործընկերների ու ավագ սերնդի ընկերների հ ...
Վլադիմիր Մովսիսյանը համառոտ անդրադարձել է իր կյանքին եւ գործունեությանը, թվարկել իր հաջողություններն ու ձեռքբերումները, ընդգծելով, որ այդ ամենին մշտապես շատ հանգիստ է վերաբերել: «Երբ ինձ հաջողվել է մի բան անել՝ երբեւիցե ժամանակից շուտ չեմ հրապուրվել: Եթե մի բան էլ չի հաջողվել, ժամանակից շուտ չեմ հիասթափվել, այլ՝ համառությամբ սպասել եմ ժամանակին, որ նորից ու նորից կարողանամ իմ ծառայությունները բերել իմ երկրին ու ժողովրդին»,-ասել է պետական գործիչը եւ վստահեցրել Հանրապետության Նախագահին ու պարգեւատրման հանդիսավոր արարողությանը ներկա իր գործընկերներին ու ընկերներին, որ տրամադրված է մարտականորեն եւ հետայսու էլ շարունակելու է ծառայել մեր ժողովրդին ու պետությանը, որի առջեւ այսօր էլ բազմաթիվ մարտահրավերներ կան, որոնք հնարավոր է հաղթահարել միասնական ջանքերով: Նա պատրաստակամություն է հայտնել իր գործընկերների ու ավագ սերնդի ընկերների հետ շարունակել իրենց գիտելիքներն ու ծառայություններն ի սպաս դնել մեր պետականության ամրապնդմանն ու ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:
«Ես կանգուն մարդ եմ, տեսել եմ եւ՛ վշտի տառապանքը, եւ՛ հաջողությունների բերկրանքը, ամեն ինչ տեսել եմ: Եվ բոլորիցդ շնորհակալություն եմ հայտնում, որ դուք երբեւիցե ինձ իմ ներքին աշխարհի հետ մենակ չեք թողել՝ եղել եք իմ կողքին եւ ինձ միշտ քաջալերել եք, ու ես կարողացել եմ կանգուն մնալ: Կանգուն մնալը բոլորիս պարտականությունն է: Ես այսօր էլ շարունակում եմ իմ գործունեությունը հանգիստ խղճով եւ մաքուր ձեռքերով»,-ասել է Վլադիմիր Մովսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով նաեւ ընտանիքի անդամներին, ովքեր իր ամբողջ գործունեության ընթացքում հնարավորություն են ընձեռնել իրեն ավելի արդյունավետորեն լծվել գործին:































