Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:

Նախարարը, ողջունելով հյուրին, մասնավորապես ասել է. «Ուրախ եմ, որ այցելեցիք Արտակարգ իրավիճակների նախարարություն: Այն, համեմատաբար երիտասարդ կառույց է, սակայն իրականացնում է բազմոլորտ գործունեություն, եւ նախարարության կազմում կան ծառայություններ, որոնք ունեն հարյուրամակների պատմություն: Շատ եմ կարեւորում Իտալիայի հետ համագործակցությունը, որը կարծում եմ պետք է ընդլայնել»։

Դեսպան Սկապինին հավելել է, որ համագործակցությունն ի սկզբանե աչքի է ընկել ակնհայտ արդյունավետությամբ. «Ես ավարտում եմ իմ առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: Իմ գործունեության ընթացքում փորձել եմ դիտարկել բոլոր բնագավառներն ու ոլորտները, եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը բացառություն չէր: Կարծում եմ` պետք է անենք ավելին, որպեսզի համագործակցությունն էլ ավելի արդյունավետ լինի: Իտալիան, ելնելով իր աշխարհագրական դիրքից, հակված է ենթարկվելու աղետների, ուստի կարող է առաջարկել իր մոդելը` աղետների ռիսկերի նվազեցման եւ հետեւանքների վերացման ուղղությամբ: Մեր համագործակցությունը պետք է լինի շարունակական եւ իրականացվի բոլոր մակարդակներում: Ես չափազանց կարեւոր եմ համարում ԱԻՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, եւ դա կլինի այն առաջնային հարցը, որը ես կներկայացնեմ Իտալիայի հանրապետության կառավարությանը:

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ Հայաստանի Հանրապետությանը` իմ առաքելությունն արդյունավետ իրականացնելուն աջակցելու համար»: