Գեղարքունիքի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության, Մարզպետարանի եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների մասնակցությամբ, այսօր՝ նոյեմբերի 22-ին, իրականացվել է 2013 թ. պետական բյուջեով նախատեսված ձկան պաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սեւանա լիճ գեղարքունիի եւ ամառային իշխանի մանրաձկների բացթողնման աշխատանքներ:
Մանրաձկան բացթողնումն իրականացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գետի գետաբերանին:
Սեւանա լիճ է բաց թողնվել 3 գրամ եւ ավելի կշռով 200 հազար հատ ամառային բախտակ եւ 166 հազար հատ գեղարքունի տեսակների մանրաձուկ, ինչը ձեռք է բերվել «Արեւաձուկ» կազմակերպությունից եւ «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ից՝ օրենքով սահմանված կարգով վերջիններիս հետ կնքված պայամանագրերի պահանջներին համապատասխան: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 60 մլն ՀՀ դրամ:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Բնապահպանական պետական տեսչությանը եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարել է մանրաձկան բացթողնման վայրում երեք օր ուժեղացնել հսկողությունը եւ սահմանել շուրջօրյա հերթապահություն:
ՀՀ բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ ՀՀ ոստիկանության միջեւ ստորագրվել է եռակողմ միջոցառումների ծրագիր՝ դեկտեմբերի 5-ից 25-ը Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի որսի արգելման համատեղ գործողությունների վերաբերյալ:






























