Ուկրաինայի հայերի միության՝ պատմամշակութային ժառանգության հարցերով կոմիտեն կազմակերպում է դասընթացներ Հայ երիտասարդների միության եւ ուկրանացի ուսանողների համար, որոնք նվիրված են Հայոց պատմույթյանն եւ Ուկրաինայի հայկական սփյուռքի պատմությանը, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Անդրկարպատների հայկական մշակութային «Արարատ» համայնքի երիտասարդական ստորաբաժանումը Ուկրաինայի հայերի միության եւ Ուժգորոդի ազգային համալսարանի պատմության ֆակուլտետի հետ համատեղ նոյեմբերի 21-ին Անդրկարպատներում անցկացրել են բաց դասախոսություն «Հայաստանն ու աշխարհը, հայացք 21-րդ դարից» թեմայով:
Դասընթացի հիմնական վարողը պատմաբան, պատմական ակնարկների ու հոդվածների հեղինակ, Ուկրաինայի հայերի միության՝ պատմամշակութային ժառանգության հարցերով կոմիտեի նախագահ Դավիթ Դավթյանը 4 ժամվա ընթացքում համալսարանի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին ու հայ երիտասարդներին պատմել է Հայոց պատմության ու հայկական սփյուռքի պատմության մասին, քրիստոնեության ընդունման, հայ գրերի գյուտի ու շատ այլ իրադարձությունների մասին:
Համալսարանի պատմության ֆակուլտետի ղեկավարությունը նաեւ արժանիորեն գնահատել է Ուկրաինայի հայերի միության նվերը, մասնավորապես, Իրիանա Հայուկի «Ուկրաինայում հայկական մշակույթի նկարազարդ հանրագիտարանը», որը կհամալրի բուհի գրադարանը:
Միջոցառմանը մասնակցել է Ուժգորոդի ազգային համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Վլադիմիր Ֆենիչն ու Անդրկարպատների հայկական մշակութային «Արարատ» համայնքի ղեկավար Վարդան Թովմասյանը: Դասախոսությունների նպատակն է երիտասարդության շրջանում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության տարածումը: Դասախոսություններ նախատեսվում է անցկացնել երկրի մի շարք շրջաններում:





























