Բարձր մակարդակի վրա գտնվող հայ-իրանական հարաբերությունները, այդուհանդերձ, զարգացման մեծ ներուժ ունեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Համիդ Չիթչիանին՝ էներգետիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում: «Մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ որպես հուսալի հարեւանի եւ ջերմ բարեկամի, լավ զարգացում են ապրում: Մենք այդ հարաբերությունները համարում ենք առանձնահատուկ եւ ցանկանում ենք խորացնել: Ձեր այցելությունը Հայաստանի Հանրապետություն, կարծում եմ, վկայում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության նույնպիսի ցանկության մասին»,-ասել է նախագահը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխշահավետ համագործակցության շրջանակներում իրականացվող էներգետիկ ծրագրերի ընթացքը:
Նախարար Համիդ Չիթչիանը Սերժ Սարգսյանին փոխանցել է ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները եւ վերահաստատել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու իր երկրի ցանկությունն ու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարվում հարեւանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Ըստ նախարարի, Հայաստանի Հանրապետության հետ իր երկիրն ունի շատ լավ եւ ջերմ հարաբերություններ, որոնք տարեցտարի ամրապնդվում են:





























