Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հանդես է եկել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուղղված դիմումով, հաղորդում է «ՌԲԿ Ուկրաինան»:
Դիմումի պատճառ է դարձել Ուկրաինայի կառավարության որոշումը՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստության գործընթացը դադարեցնելու մասին:
«Անկեղծ ասած, երեկ, կառավարության որոշումից հետո ես ուզում էի Ձեզ պարզապես սպանել: Կարծում եմ, նույնն զգացել են նաեւ ձեզ վստահված ժողովրդի 70 տոկոսը»,-ասված է Տիմոշենկոյի նամակում:
Նախկին վարչապետի ազատ արձակման հարցը փորձաքար էր դարձել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման հարցում: Բրյուսելը պնդում էր, որ Տիմոշենկոն ազատ արձակվի, կամ ծայրահեղ դեպքում՝ թույլ տրվի նրան բուժումը շարունակել արերկրում: Գերագույն Ռադան արգելափակել է բոլոր օրինագծերը, որոնք վերաբերում էին Տիմոշենկոյի արտերկրում բուժման հնարավորություն ընձեռելուն:
Ներկայումս Յուլյա Տիմոշենկոն պատրաստ է զոհաբերել իր առողջությունը, միայն թե Ուկրաինան դառնա ԵՎրոպայի մաս: Նա կոչ է արել Յանուկովիչին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ հրավիրել եւ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու որոշում ընդունել՝ չնայած ՌԴ-ի հետ հարաբեությունների հնարավոր բարդացման:
Դրանից անմիջապես հետո Տիմոշենկոն պատրաստ է անձամբ դիմել եվրոպացի առաջնորդներին՝ խնդրելով ստորագրել համաձայնագիրն առանց պայմաններ դնելու, այդ թվում իր ազատ արձակման վերաբերյալ:





























