ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր: Այս մասին  այսօր նոյեմբերի 22-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, կուսակցության նախագահը ներկայացրել է  Վիեննայում Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքները, որը հայկական կողմը գնահատում է նորմալ եւ դրական, որովհետեւ  վերսկսվել են բանակցությունները:

«Հայկական կողմը, որպես խաղաղ բանակցությունների կողմնակից, խաղաղ բանակցությունները միակ կարգավորման միջոց  դիտարկող կողմ, դրական է գնահատում, որ բանակցությունները վերսկսեցին: Այս առումով եւս մեկ անգամ պետք է վերահաստատենք, որ բանակցելը շատ ավելի լավ է, քան չբանակցելը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Արձագանքելով Մոսկվայում Էրդողանի այն հայտարարությանը, թե Մոսկվան եւ Անկարան պետք է համատեղ քայլեր ձեռնարկեն Ղարաբաղի հարցի վերաբերյալ, Շարմազանովն ասաց. «Տարածաշրջանային երկրները պետք է շահագրգռված լինեն, որ Հարավային Կովկասում լինի խաղաղություն: Բայց այստեղ անելիք ունի նախ եւ առաջ Թուրքիան: Նա նախ պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումը: Դադարեցնի  միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշումը ԼՂ կարգավորման գործընթացում եւ երրորդը չպետք է խառնվի խնդրի կարգավորմանը: Այս երեք պայմանների դեպքում կարծում եմ Թուրքիան օգնած կլինի խաղաղ կարգավորման զարգացմանը»: