Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դեկտեմբերի 2-ին կնքվել է միջկառավարական համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող ռուսական բնական գազի գնի սահմանման կարգի վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ու Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների նախագահների միջեւ բանակցությունների արդյունքների հիման վրա:
Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ գազի ոլորտում մի շարք փաստաթղթեր են կնքվել, այդ թվում նաեւ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի, գազի գնի ու «ՀայՌուսգազարդի» համար փոխհատուցման վերաբերյալ:
Մասնավորապես, կնքվել են միջկառավարական համաձայնագրեր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների եւ նրա հետագա գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի գնի սահմանման կարգի վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը համաձայնագիր է կնքել «Գազպրոմ» ԲԲԸ-ի հետ «ՀայՌուսգազարդին» փոխհատուցում տրամադրելու մասին, որը հայաստանյան շուկայում ռուսական գազի մատակարարման ու բաշխման ոլորտում մոնոպոլիստ է հանդիսանում: Ստորագրվել է համաձայնագիր նաեւ «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի ու «ՀայՌուսգազարդի» միջեւ:
«Գազպրոմին» է պատկանում «ՀայՌուսգազարդում» ներդրված կապիտալի 80 տոկոսը, իսկ 20 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը:




























