2014թ. ԱՐՄԵՆԱԼ գործարանում փայլաաթիթեղի արտադրությունը կաճի 7%-ով, իսկ ՌՈՒՍԱԼ ընկերությունում՝ մինչեւ 85 հազ. տոննա, NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Գորյաչեւը: Նրա խոսքով՝ ընկերությունը արտադրանքը Հայաստանից արտահանելիս ոչ մի էական խնդրի չի բախվում:

ԱՐՄԵՆԱԼ-ը կարեւոր տեղ ունի փայլաթիթեղի մեր երեք ձեռնարկությունների շարքում, այդ պատճառով արտահանման պատվերների զգալի մասը կենտրոնացած կլինի հենց այստեղ»,- հայտարարել է Գորյաչեւը:

Հարցին՝ արդյոք ԵՄ-ի շուկայի բացումը կազդի արտահանման աճի վրա, Սերգեյ Գորյաչեւը պատասխանեց, որ առաջիկա  տարում ԱՐՄԵՆԱԼ-ը կսկսի փայլաթիթեղ արտադրել սննդի տեղափոխման բեռնարկղերի համար: ԵՄ-ի շուկայի բացումն աճի լավ հեռանկար է խոստանում (ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ը նրբաթիթեղ արտահանում է հիմնականում ԱՄՆ եւ Հայաստանից այդ երկիր խոշորագույն արտահանողն է):

«Մենք ակնկալում ենք, որ  ԵՄ դատարանի հայկական փայլաթիթեղի նկատմամբ հակադեմփինգային տուրքերը վերացնելու մասին  որոշումը վերջնական է:

Մեր դիրքորոշումը միանգամայն հիմնավորված է, ինչն էլ հաստատում է դատարանի որոշումը:

Քիչ հավանական է, որ մինչեւ հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում վճիռը կբողոքարկվի»,- կարծում է Գորյաչեւը:

Հայկական նրբաթիթեղի նկատմամբ հակադեմփինգային տուրքերը Եվրամիությունը սահմանել էր 2009թ.: ԵՄ դատարանը դրանք 2013թ. նոյեմբերի 5-ին չեղյալ էր հայտարարել:

ԱՐՄԵՆԱԼ գործարանը (ռուսական ՌՈՒՍԱԼ-ի դուստր ձեռնարկությունը) Երեւանում բացվել է 2000թ. մայիսին՝ Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, եւ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ալյումինային փայլաթիթեղի միակ արտադրողն է: 

2013թ. ինն ամիսներին ԱՐՄԵՆԱԼ-ը 20 464,7 տոննա ալյումինային փայլաթիթեղ է արտադրել, ինչը 4,7%-ով ավելի է 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ: