Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի մեջ նոր Ստալին է տեսնում: Ըստ նրա` Յանուկովիչն ընտրել է բռնապետության ճանապարհը եւ մտադիր չէ հաշվի նստել երկրի ժողովրդի հետ: Այս մասին ասվում է ընդդիմության առաջնորդի՝ «Բատկիվշչինայի» կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ըստ Տիմոշենկոյի` Յանուկովիչը մարտահրավեր է նետում ողջ Ուկրաինային եւ ամբողջ դեմոկրատական աշխարհին: «Ծեծի ենթարկված անմեղ մարդկանց ձերբակալություններով նա ուղղակի ասում է, որ թքում է բոլորի վրա, որ ինքը հետագայում էլ է ծեծելու, սպանելու, բանտարկելու իր բացարձակ իշխանության ճանապարհին կանգնած ցանկացածին», – ասվում է հայտարարության մեջ: «Եվ եթե մենք բոլորս դեմոկրատական աշխարհի հետ նրան չկանգնեցնենք, ապա եւս մեկ Հյուսիսային Կորեա կունենանք», – նշում է նախկին վարչապետը, մեջբերում է «Օբոզրեւատելը»:
«Ուկրաինայի ժողովուրդը պետք է անհապաղ իշխանությունն իր ձեռքը վերցնի, այլ ոչ թե քաղցր զրույցների բռնվի բռնապետի հետ», – ընդգծում է Տիմոշենկոն: Նախկին վարչապետը ուկրաինացիներին կոչ է արել հավատալ իրենց ուժերին եւ հասնել հաղթանակի, կամ էլ պատրաստվել բացարձակ բռնապետության:
Դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի ընդդիմությունը հրապարակել է գործողությունների ծրագիր` Եվրամայդանի համար: Ընդդիմադիր ուժերը պահանջում են քաղբանտարկյալների ազատութուն, քրեական գործերի հարուցում ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի, «Բերկուտի» աշխատակիցների դեմ, Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականը, արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրում:



























