Նոր դիվանագիտական սկանդալ է  ծավալվում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: ԱՄՆ-ում ռուսաստանցի դիվանագետներին եւ նանց հարազատներին մեղադրում են  մեքենայության մեջ: Նրանց սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Չի բացառվում, որ նրանց կարող են արտաքսել երկրից: 

Ըստ ՀԴԲ-ի` Ռուսաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցները եւ նրանց որոշ բարեկամներ պակասեցրել են իրենց պաշտոնական եկամուտները, «Մեդիկքեյդ» ծրագրով օգնություն ստանալու համար, սակայն դրան զուգահեռ գնել են թանկարժեք եւ շքեղ իրեր: Ցուցակում կա 49 մարդու անուն` 25-ը ռուսաստանցի դիվանագետներ են, 24-ը` նրանց կողակիցները:Փաստաթղթերում նշվում է, որ  նրանք անօրինաբար ստացել են շուրջ կես միլիոն դոլար` որպես ապահովագրական փոխհատուցում, հայտարարել է դատախազ Փրիթ Բհարարան:  

«Ռոսիսյկայա գազետան» հայտնում է, որ ՌԴ-ի ԱԳՆ-ն կայծակնային արագությամբ արձագանքել է  ամերիկյան իշխանությունների մեղադրանքներին: Արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ  ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են այդպիսով հակահարված տալ այլ կոնֆլիտի, որը ուղղակիորեն կապված չէ Մոսկվա-Վաշինգտոն երկխոսության հետ
«Եթե ամերիկյան գործընկերները ցանկանում են  ԱՄՆ-ում մեր աշխատակիցների ընտանեկան կամ անձնական կյանքին վերաբերվող որեւէ հանգամանքներ, հարցեր պարզել,  նրանք դա կարող են հանգիստ անել դիվանագիտական ճանապարհներով, այլ ոչ թե մեղադրանքների կամ հրապարակային  ոլորտի միջոցով», - նշել է Ռյաբկովը: Ըստ նրա` ռուսական կողմը բազմաթիվ խնդիրներ ունի Մոսկվայում աշխատող ամերիկյան դիվանագետների հետ, սակայն այդ հարցերը հասարակությանը չեն ներկայացվել: