ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների կարգավորումը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՀԿ 20-րդ Նախարարարական համաժողովին իր ելույթում նշել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ այս տարվա հունիսին Էնիսկիլենում, Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հանդես եկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հերթական՝ արդեն հինգերորդ հայտարարությամբ, որտեղ նրանք եւս մեկ անգամ ընդգծեցին, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության եւ հաշտեցման:

Նալբանդյանն իր ելույթում նաեւ նշել է.

«Հայաստանը ողջունեց այս հայտարարությունը՝ նշելով, որ ինչպես համանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին հինգ տարիների ընթացքում եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված սկզբունքներն ու դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար եւ տեւական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ սկզբունքներն ու դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, եւ դրանցից որեւիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու որեւէ փորձ անհնարին կդարձնեն փոխզիջման ձեռք բերումը եւ կարգավորման հասնելը: Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի: Հայաստանը բազմիցս հաստատել, եւ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների Էնիսկիլենում արված կոչին ի պատասխան եւս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման, եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 2012 թվականի հունվարից ի վեր առաջին հանդիպումը, եւ բոլորը գիտեն, որ Հայաստանի պատճառով չէր, որ շուրջ երկու տարիների ընթացքում նախագահների մակարդակով հանդիպումներ չէին կազմակերպվում: Վիեննայում նախագահները համաձայնվեցին թափ հաղորդել բանակցություններին՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակելու համատեղ աշխատանքը համանախագահների հետ՝ խաղաղ կարգավորման գործընթացը խթանելու նպատակով: Այս նպատակին էր ծառայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների դեկտեմբերի 4-ի հանդիպումը, եւ մենք համաձայնվեցինք շարունակել հանդիպումները: Հուսով ենք, որ Ադրբեջանն իրապես վերադառնում է բանակցությունների սեղանին կառուցողական մոտեցումով, ինչը մեզ հնարավորություն կտա հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերման ջանքերի արագացումը, որի մասին բազմիցս համանախագահներն ամենաբարձր մակարդակով կոչ են արել կողմերին եւ որի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահները պատրաստակամություն են հայտել 2012 թ. հունվարում Սոչիում ընդունված իրենց վերջին համատեղ հայտարարության մեջ:

Կառուցողական մոտեցումն անհրաժեշտ է ոչ միայն կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, այլ նաեւ համանախագահների կողմից առաջարկված եւ Հայաստանի կողմից սատարված վստահության ամրապնդման միջոցների իրականացման համար, ինչպիսիք են՝ հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների դուրս բերումը եւ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը:

Տարածաշրջանում հարատեւ խաղաղության, կայունության եւ անվտանգության հասնելու նպատակով՝ Հայաստանը կշարունակի ներդնել հնարավոր բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ բացառապես խաղաղ ճանապարհով, ՄԱԿ կանոնադրության մեջ ամրագրված նպատակների, սկզբունքների ու նորմերի եւ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի եւ Էնիսկիլենի հայտարարություններում ընդգրկված դրույթների հիման վրա:    

Պարոն նախագահ,

Ավարտելով, կցանկանայի ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու գալիք շվեյցարական նախագահությանն իր օրակարգի իրականացման գործում»,-ասել է Նալբանդյանը: