Ուկրաինայի ներքին ուժերի ջոկատայիններն ու «Բերկուտի» հատուկ ստորաբաժանումները Կիեւում սկսել են գրոհել ընդդիմադիրների ճամբարների վրա:
Գրուշեւսկի փողոցի վրանային քաղաքից ցուցարարներին դուրս են հանել: Գործողությանը մասնակցել է մոտ 1000 իրավապահ: Նախարարների կաբինետի մոտ գտնվող վրանային քաղաքը շրջապատված է ՆԳՆ աշխատակիցներով: Ներքին ուժերի զինվորները ձեռքով են քանդում ցուցարարների կառուցած բարիկադները:
«Բռնի ֆիզիկական ուժի կիրառմամբ սկսել են ցուցարարներին դուրս հանել Գրուշեւսկի փողոցից»,- հայտարարում էին «Ազատություն» համաուկրաինական միավորումից:
«Ազատության» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Պավել Կիրիլենկոյի խոսքով՝ նախագահի նստավայրի մոտակայքում գտնվող վրանային քաղաքի տարածքում տեղակայել են տեխնիկա, որի միջոցով ներքին ուժերի ջոկատայինները պատրաստվում են տապալել պիկետի մասնակիցների կենտրոնը:
Իր հերթին Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Անկախության մայդանում ցուցարարներին զինում են բահի փայտերով ու այլ առարկաներով, որոնք մարմնական վնաս կարող են հասցնել:
«Իրավապահները արձագանքելու են իրավախախտումներին գործող օրենսդրությանը համապատասխան»,- նախազգուշացրել են նախարարությունում, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:




























