Իշխող կոալիցիայում չընդգրկված ԱԺ  քաղաքական չորս ուժերն  արդեն բավականաչափ ստորագրություններ են հավաքել Սահմանադրական դատարան դիմելու համար՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ուժի մեջ մտնելը մեկ տարով հետաձգելու պահանջով:

NEWS.am-ի թղթակցին ստորագրահավաքը կազմակերպած ՀՅԴ խմբակցությունից հայտնել են, որ դիմումի տակ արդեն ստորագրել  են 32 պատգամավորներ՝ անհրաժեշտ 27-ի փոխարեն: Ստորագրել են նաեւ ՀՅԴ  խմբակցության Երեւանում գտնվող հինգ անդամներից երեքը՝ Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան եւ Արմեն Ռուստամյան: Ստորագրել են նաեւ ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ  խմբակցության անդամները: ԲՀԿ-ից ստորագրել են ոչ միայն ակտիվ խորհրդարանականները՝ Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան եւ այլք, այլեւ գործարար  պատգամավորները՝ Մելիք Մանուկյանը եւ Վահան Գուլոյանը:

Ստորագրահավաքը կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջ: