Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական զորամասեր տեղակայել Արկտիկայում: Ըստ նրա՝ տվյալ հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ ՌԴ-ի համար այդ տարածաշրջանը հեռանկարային է, եւ երկիրը «այդտեղ պետք է ունենա բոլոր լծակները՝ իր անվտանգության եւ ազգային շահերի պաշտպանության համար»:
Վլադիմիր Պուտինը նաեւ հայտնել է, որ հաջորդ տարի ռուսական բանակի սպառազինումը կհամալրվի 40 նոր միջցամաքային բալիստիկական հրթիռներով, 210 օդանավերով եւ ուղղաթիռներով, 250-ից ավելի զրահապատ տեխնիկայի միավորով:
«Սպառազինության մեջ կլինեն «Ալեքսանդր Նեւսկի» եւ «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային հրթիռակիրներ, իսկ տիեզերական խմբի կազմը կհամալրեն վեց նոր արբանյակներ», - հավելել է Պուտինը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























