Փոխանակ քննադատներին մեղադրելու՝ Հայաստանի դատական համակարգը պետք է գոնե մեկ անգամ ուժ գտնի կողքից ու ներսից ինքն իրեն նայելու: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով նախօրեին հարապարկված օմբուդսմենի արտահերթ զեկույցին՝ կապված դատական համակարգում կոռուպցիոն մեխանիզմների, այնտեղ տիրող ապօրինությունների ու երկակաի ստանդարտների հետ՝ Ալավերդյանն ընդգծել է, որ զեկույցում զարմանալի ոչինչ չկա: Նրա խոսքով՝ զեկույցում ներառվել են այն կետերը, որոնք արտացոլված էին ՄԱԿ-ի, Եվրամիության ու ԵԱՀԿ զեկույցներում: Նա հիշեցրել է, որ ոչ մի զեկույցում չի խոսվում Հայաստանի դատական համակարգում զգալի դրական առաջխաղացումների մասին:

«Ո՞վ է բողոքում օմբուդսմենի զեկույցից: Ըստ էության նրանք, ում դեմ այն ուղղված է: Ես վաղուց չեմ ապշում այդ բողոքներից, ես կզարմանայի, եթե նրանք չբողոքեին»,-ասել է մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

Ի պատասխան Հայաստանի դատական դեպարտամենտի այն հայտարարությունների, որ օմբուդսմենի զեկույցն ընդամենը PR քայլ էր, Լարիսա Ալավերդյանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանը գովազդի անհրաժեշտության կարիք չունի, քանի որ այսպես թե այնպես նրան շատ մարդ է դիմում:

Հիշեցնենք, որ Հայաստանի օմբուդսմենը դեկտեմբերի 9-ին հրապարակել էր արտահերթ զեույց՝ արդար դատական հետաքննութան վերաբերյալ, որտեղ հարցումների հիման վրա նշվել էին կաշառքի «սակագները», որոնք տրվել են դատավորներին: