Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հայտարարության առթիվ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ:

Նրանք պատգամավորի համար զուգարանի թուղթ էին բերել, ինչպես նաեւ թղթի վրա նկարված էշ: «Նա մի ամբողջ ազգի որակում է տվել, որը հարիր չէ Ազգային ժողովի պատգամավորին: Մենք պարոն Բադեյանի համար բերել ենք ավանակ մեր ձեռքով նկարած, ինչպես նաև զուգարանի թուղթ, որովհետև պարոն Բադեյանը չի խոսում, այլ գործողություն է անում, իսկ այդ գործողության դեպքում պետք է գալիս զուգարանի թուղթ»,- նշեցին երիտասարդները:

Երիտասարդները Բադեյանի հարցով պատրաստվում են  դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով:

Նշենք, որ Ազգային ժողովի միջանցքում այսօր՝ դեկտեմբերի 10-ին բավական թեժ էր, հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանն էր բղավում: Լրագրողներից մեկը դյուրագրգիռ պատգամավորին հարց հղեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ, ինչը հունից հանեց Բադեյանին:

«Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»,- բորբոքվեց Բադեյանը եւ հավելեց. «Դա լեզվի դասընթաց ա, խաղ չի, օտար լեզվով դասընթացներ չեն ցուցադրո՞ւմ հեռուստատեսությունները»:

Բադեյանը համոզված էր, որ խնդիրը հեռուստախաղի ռուսերեն հեռարձակվելու մեջ է, եթե այլ լեզվով լիներ, նման հարց չէր ծագի: «Հիմա այդ խաղի աշխատանքային լեզուն ռուսերենն ա, արա, հո դուք գի՞ժ չեք, արա»,- իր պառապաշարը սկսեց ցուցադրել Բադեյանը: ԵԼրագրողները վերջինիս կարգի հրավիրեցին՝ կոչ անելով «արա»-ով չխոսել: ««Արա»-ն բացականչություն ա, ձեզի չեմ ասում»,- կրկին բղավել է Բադեյանը եւ, քթի տակ ինչ-որ բաներ փնթփնթալով հեռացել: