Ուկրաինացի ուժայինները Կիեւի իրադարձությունները լուսաբանող վրացական «Տաբուլա» ամսագրի մի քանի լրագրողներից պահանջել են լքել երկիրը:
Ուկրաինայի Միգրացիոն ծառայության ու Անվտանգության ծառայության ներկայացուցիչները լրագրողներին այցելել են հյուրանոցում, որտեղ նրանք կանգ են առել ու կարդացել են համապատասխան պահանջը:
Ըստ այդմ, լրագրողները պետք է լքեն երկիրը, քանի որ նրանց կասկածում են օրերս տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:
Լրագրողներին նշել են, որ եթե նրանք չկատարեն այդ որոշումը, ապա հարկադիր արտաքսման կենթարկվեն, հաղորդում է «Leta.Ru»-ն՝ վկայակոչելով «Օբշչեստվեննոե ՏՎ»-ն:
Վրացի լրագրողների թիվը, որոնց վերաբերում է այդ որոշումը, եւ նրանց արտաքսման պատճառները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոմայդան էին այցելել մի շարք վրացի քաղաքական գործիչներ: Հրապարակում ելույթ է ունեցել նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:




























