Արեւմտյան Ուկրաինայի Լվովի մարզում ինքնապաշտպանության ջոկատների ստեղծման գործընթաց է սկսվել: Այդ ջոկատներին անդամագրվելու գործընթացն ընթանում է «Եվրոմայդանում»: Դրանց կազմում կընդգրկվեն նախկին զինվորականները եւ ուժային կառույցների նախկին աշխատակիցներ:
Ինքնապաշտպանության ջոկատների նպատակը երկրի ուժային կառույցների կողմից եվրաինտեգրման կողմնակիցների ձերբակալություններին խոչընդոտելն է: Այս մասին Լվովում կայացած հանրահավաքում հայտարարել է տեղի քաղաքային խորհրդի քարտուղար Վասիլի Պավլյուկը եւ հավելել, որ ջոկատներ ստեղծելու որոշումը կայացվել է «ազգային դիմադրության Լվովի մարզային շտաբի նիստում:
Նման որոշման պատճառը Լվովում լուսանկարիչ եւ ակտիվիստ Օլեգ Պանասի ձերբակալությունն է եղել, որին իշխանությունները դեկտեմբերի 1-ին Կիեւի Բանկայա փողոցում ոստիկանության հետ բախումների մասնակից են համարում: Հանրահավաքը, որտեղ ելույթ է ունեցել Պավլյուկը, նվիրված է եղել այդ ձերբակալության դեմ բողոքին:
Քաղաքային խորհրդի քարտուղարի խոսքով՝ լվովցիները քննարկում են հարեւան մարզերում եւս ինքնապաշտպանության ջոկատներ ստեղծելու նախաձեռնության տարածման հարցը, հաղորդում է Lenta.ru-ն:




























