Դեկտեմբերի 10-ին գումարված արտահերթ նիստում Երեւանի ավագանու հաստատմանն են ներկայացվել Երեւանի զարգացման 2014-2017թթ. քառամյա, ինչպես նաեւ 2014թ. միամյա ծրագրերը, որոնց հիմնական նպատակը քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները նախանշելն է:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրերի նախագծերը, ինչպես նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, անցել են օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը, քննարկվել Երեւանի քաղաքապետին կից, Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդում, լրամշակվել են խորհրդի անդամների կողմից արված առաջարկություններով եւ ստացել խորհրդի դրական եզրակացությունը: Կազմակերպվել են նաեւ ծրագրերի նախագծերի հանրային քննարկումներ, այդ թվում՝ շահագրգիռ անձանց հետ հանրային բաց լսումների եղանակով: Ծրագրերի նախագծերը նաեւ ավագանու գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությանն են արժանացել: Քննարկման արդյունքում Երեւանի ավագանին գրանցված 56 անդամների քվեարկությամբ՝ ձայների 50 կողմ եւ 6 դեմ հարաբերակցությամբ, հաստատեց Երեւանի զարգացման քառամյա եւ գրանցված 55 անդամների քվեարկությամբ՝ ձայների 49 կողմ եւ 6 դեմ հարաբերակցությամբ, Երեւանի զարգացման 2014թ. ծրագրերը:
Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է գույքահարկի արտոնություն սահմանել Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված եւ ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների, ինչպես նաեւ Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմների 1-ին եւ 2-րդ խմբի զինհաշմանդամների համար, որոնք գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչեւ սույն որոշման ուժի մեջ մտնելը:
Երեւանի ավագանին գույքահարկի արտոնություն է սահմանել նաեւ Հայաստանի նկարիչների միության անամ նկարիչներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող շինությունների՝ ստեղծագործական արվեստանոցների մասով:
Երեւանի ավագանին սահմանել է նաեւ Երեւանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի եւ վճարների 2014 թվականի դրույքաչափերը:
Ավագանին սահմանել է նաեւ Երեւանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը: Ծառայողական ավտոկայանատեղիների համար կսահմանվի ցուցանակի միասնական ձեւ, որտեղ նշված կլինեն կայանման պայմանները: Ծառայողական ավտոկայանատեղիների համար վճարվող գումարն ամբողջությամբ մուտքագրվելու է համայնքային բյուջե:
Երեւանի ավագանին նաեւ որոշել է Երեւան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում գտնվող` Երեւան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.42 հեկտար հողամասը՝ դրա վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի հետ միասին, ներդնել «Դի Ընդ Էյջ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում` կնքելով անշարժ գույքի ներդրման եւ բաժնեմասերի շնորհի պայմանագրեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված «Երեւան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման» ծրագրով սահմանված հիմնական պայմաններով: Նշված պայմանագրերի կնքման արդյունքում, ինչպես նշել է հիմնական զեկուցողը, կկարգավորվի Երեւան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման հարցը:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:





























