Մամուլը վիրավորել՝ նշանակում է վախենալ դրանից, ԱԺ նիստում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ ի պատասխան ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ելույթի: Ավելի վաղ  Փոստանջյանը ԱԺ նախագահին մեղադրել էր ձկնաբուծական բիզնեսում թաքնված շահեր հետապնդելու մեջ: Հովիկ Աբրահամյանը նման ելույթները քաղաքական պատվեր էր որակել եւ այդ պատվերը կատարող լրագրողներին անվանել «հաստավիզ»:

Պատասխան խոսքում  Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ խորհրդարանում նստածների մեծ մասը կատարողներ են, ոչ ավելի:  «Իհարկե, որքան էլ այս կամ այլ օրինագծերը վնասեն ձեր շահերին, դուք չեք կարող դեմ քվեարկել: Խորհրդարանում նստածների մեծ մասն ուղղակի  կատարողներ են», - հայտարարել է  Փոստանջյանը:

Ի պատասխան մամուլում պատվիրված նյութերի մասին Հովիկ Աբրահամյանի մեղադրանքի՝ Փոստանջյանը հայտարարել է, որ մամուլը վիրավորելը նշանակում է դրանից վախենալ: Իսկ եթե մամուլը գրում է այս կամ այն պաշտոնյայի գաղտնի բիզնեսի մասին, ուրեմն դրա համար հիմքեր ունի: «Լրագրողներն էլ գիտեն՝ ինչ երկրում են ապրում», - հայտարարել է  Փոստանջյանը:

 «Իսկ եթե դուք խորհուրդ եք տալիս գումարները մանկատների վրա ծախսել, կարող եմ պատասխանել, որր դրանով երկիրը չի փրկվի: Առաջին հերթին գողերին պետք է ստիպել դադարել գողանալ: Մեր հայրենակիցները բավական աշխատասեր են եւ ինքնուրույն կարող են բարեկեցությունն ապահովել: Դրա համար միայն պետք է, որ նրանց չթալանեն», - ամփոփել է  Փոստանջյանը:

«Ինձ վրա եմ վերցնում այս մաղձը, բայց որքա՞ն կարող է այն մարդու մեջ լինել: Ամեն ինչ իր սահմանն ունի», – պատասխանել է Հովիկ Աբրահամյանը: