Հայաստանի ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները մտադիր են դիմել էթիկայի հանձնաժողով՝ կապված ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի վարքի հետ: Լրագրողները ստորագրահավաք են կազմակերպել, որոնք մտադիր են փոխանցել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջոցով:

Հիշեցնենք, որ նախօրեին հանրապետական Մանվել Բադեյանը լրագրողներից մեկի այն նկատողությանը, որ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի ռուսերենով հեռարձակումը հակասում է «Լեզվի մասին» օրենքին, պատասխանել էր կոպիտ արտահայտություններով: Դրանից հետո պատգամավորն սկսել է լրագրողներին բարոյախոսություն կարդալ, որ նրանց մակարդակը «փողոցային եզդիների» մակարդակից ցածր է:

Դեկտեմբերի 11-ին լրագրողներին հանդիպելով՝ Մանվել Բադեյանը հայտարարել է, որ մտադիր չէր վիրավորել եզդիական համայնքին, այլ ընդամենը ցանկանում էր ասել, որ որոշ լրագրողների ինտելեկտի մակարդակը ցածր է փողոցները մաքրող եզդիների մակարդակից: Նա նաեւ կոչ է արել լրագրողներին իրեն օրենք չսովորեցնել՝ հավելելով, որ հաղորդումը ռուսերենով հեռարձակելը չի հակասում երկրի օրենսդրությանը. «Դա եւս մեկ անգամ վկայում է ձեր տեղեկացվածության ցածր մակարդակի մասին, դուք օրենքները չգիտեք»:

Ի դեպ, այսօր էլ նույն Մանվել Բադեյանը վիրավորել է արդեն լրագրողներին, նրանց մասին ասելով. «գործ սարքողների նման վիժվածք»: