ԵՄ-ի կողմից «Արեւելյան գործընկերությունը» հստակ հայտ էր՝ հետխորհրդային վեց երկրներում քաղաքական եւ տնտեսական ազդեցություն հաստատելու վերաբերյալ, որոնք հակառակ կողմի տեսանկյունից համարվում էին «Ռուսաստանի մաս»: Այս մասին դեկտեմբերի 12-ին հայտարարել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը՝ «Եվրոպական ինտեգրացիա-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները «Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ:
«ԵՄ-ն փաստորեն հավակնում էր այն ամենին, ինչ ուներ Ռուսաստանը, բնականաբար, դա չէր կարող հեշտությամբ հանձնվել: Այսինքն՝ այստեղ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ արժեքները պետք է հակադարձվեին զենքին եւ ուժին», - ընդգծել է Ղազինյանը:
Ըստ նրա՝ գոյություն ունեին նաեւ խնդիրներ ինչպես ԵՄ-ի երկրներում, այնպես էլ «ԱԳ»-ի վեց անդամ երկրներում: «Կարողացա՞վ արդյոք ԵՄ-ն սահմանել իր աշխարհաքաղաքական ինքնությունը եւ քաղաքական միավորի փաստը, որպեսզի հնարավորություն ունենար մտնել նման բարդ գործընթացի մեջ եւ հավակներ այն ամենին, ինչ ուներ Ռուսաստանը», - հարցադրում է կատարել փորձագետը, հավելելով, որ ժամանակը ցույց է տվել. ԵՄ-ն, որքան էլ որ կայացած կառույց է՝ որպես արժեքային համակարգի կենտրոն, ուժեղ տնտեսական միավոր, աշխարհաքաղաքական ինքնություն հաստատելու հարցում խնդիրներ ունի: Ըստ նրա՝ եթե ԵՄ-ի բոլոր 28 երկրները միասնական դիրքորոշում ընդունեին այդ հարցում եւ հետեւողական լինեին ծրագրի բոլոր կետերը կատարելու մեջ, ապա այժմ միանգամայն այլ պատկեր կլիներ:





























