Գերմանական բնապահպանական BUND կազմակերպությունը մտադիր է դիմել դատարան՝ պահանջելով կասեցնել Լինգենում միջուկային վառելիքի արտադրության գործարանի ընդլայնումը, ինչը կարող է հնարավորություն բացել ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ համագործակցության համար, հաղորդում է Reuters-ը։

BUND-ը երեքշաբթի հայտարարել է, որ դատարանին կխնդրի կիրառել ապահովման միջոցներ, որպեսզի թույլ չտրվի նախագծի իրականացումը մինչև Ստորին Սաքսոնիայի իշխանությունների դեմ հայցի քննության ավարտը։ Հենց այս դաշնային երկրի իշխանություններն էին ավելի վաղ հավանություն տվել ձեռնարկության ընդլայնմանը։

Բնապահպանները հայտարարել են, թե կասկածում են բնապահպանական գնահատման օրինականությանը, որի հիման վրա ընդունվել է նախագծի հաստատման որոշումը։ .ausgestrahlt կազմակերպությունը, որը հանդես է գալիս ատոմային էներգիայի օգտագործման դեմ և BUND-ի հետ միասին մասնակցում է դատական գործընթացին, նախազգուշացրել է, որ «Ռոսատոմը» կարող է հնարավորություն ստանալ ամրապնդվելու Գերմանիայում դեռևս մինչև դատարանի վերջնական որոշումը։

Գերմանիայի հյուսիս-արևմուտքում տեղակայված Լինգենի գործարանը երկրում պահպանված՝ միջուկային վառելիքային ցիկլի հետ կապված վերջին ձեռնարկություններից մեկն է։ Դատական գործընթացը կարող է դառնալ փորձություն, թե որքանով է Գերմանիան պատրաստ և ունակ չթույլատրելու ռուսական պետական մասնակցությամբ ընկերությունների մուտքը էներգետիկ ոլորտի ռազմավարական կարևոր հատվածներ։

Գերմանիայի դաշնային շրջակա միջավայրի նախարարությունը կրկին հայտարարել է «Ռոսատոմի» հետ համագործակցությունը չընդունելու իր դիրքորոշման մասին։ Միաժամանակ գերատեսչությունում կարծում են, որ տեղին պատասխան կարող են լինել Եվրամիության պատժամիջոցները ռուսական միջուկային հատվածի դեմ։ Սակայն դրանց սահմանման համար առայժմ բավարար աջակցություն չկա ԵՄ երկրների շրջանում։

ANF գործարանի օպերատորը, «Ռոսատոմը» և Ստորին Սաքսոնիայի շրջակա միջավայրի նախարարությունը դեռ չեն պատասխանել Reuters-ի մեկնաբանությունների հարցումներին։